loader
Գանձված գումարներով  անտառ չի տնկվել

Գանձված գումարներով անտառ չի տնկվել

Անտառահատումների դիմաց գանձվող գումարները վերջին տարիներին չեն ուղղվել անտառատնկման աշխատանքների իրականացմանը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, փոխանցում է ecolur.org-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը սույն թվականի փետրվարի 8-ին տարածեց հաղորդագրություն, ըստ որի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս:

«Առաջ կար անտառային ֆոնդ, այնտեղ էր գնում գումարը, իսկ հիմա ամբողջությամբ գնում է բյուջե, իսկ թե հետո ուր է գնում, ոչ ոք չգիտի: Չի եղել, որ կոնկրետ հենց տուգանքի գումարը գնա անտառ տնկելուն: Վերջին տարիներին դրամաշնորհներով են անտառ տնկում, պետական գումարներով անտառ չի տնկվել, նշանակում է, որ այդ գումարները չեն գնում անտառ տնկելու համար: Բյուջեից միշտ հատկացնում են աշխատավարձի 80 տոկոսը, միայն այս տարի է, որ մի փոքր շատ են հատկացրել»,- ասաց Նազելի Վարդանյանը:

ԷկոԼուրի հարցմանը, թե որքանով են համարժեք անտառահատման արդյունքում նշանակվող տուգանքի չափը և շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը, Նազել Վարդանյանը պատասխանեց.

«Վերջին տարիներին գնալով բարձրացրել է տուգանքի չափը, և դա բավականին բարձր գին է: Սակայն եթե հաշվենք բնապահպանական վնասը, ապա դա քիչ է. այն վնասի հատուցում չէ: Բնապահպանական վնասը հաշվելու մեխանիզմ չկա: Եթե հաշվենք, որ այդ ծառը հողապաշտպան ֆունկցիա ունի, ինչքան օդին թթվածին կտար, ածխաթթու գազ կկալներ, ինչքան ջուր կպահպաներ, հաշվեն այդ ջրի արժեքը …, այսինքն եթե լիներ էկոհակարգային գնահատում, պարզ է, որ այդ գումարը ցածր է»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափերը, ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, հետևյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ, Իջևանի` 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ, Սևքարի` 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս