loader
Այն որոշումը, որն ընդունվելու է, բոլորի խղճին է մնալու. ակցիա

Այն որոշումը, որն ընդունվելու է, բոլորի խղճին է մնալու. ակցիա

ԱԺ հանձնաժողովում քննարկվելու է Սևանա լճից 40 մլն խմ ջրառ բաց թողնելու հարցը: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ: ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն ԱԺ-ի դիմաց հավաքվել են բնապահպաններն ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ լրացուցիչ ջրառի: «S.O.S Սևան» նախաձեռնությունը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել կառավարության կողմից ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը:

«Այն որոշումը, որը կատարվելու է, բոլորի խղճին է մնալու, եթե ՀՀ ապագային վնաս տա, իսկ դա հեքիաթ չէ: Յուրաքանչյուրս պետք է պարտավորություն վերցնենք մեզ վրա, որպեսզի հոգ տանենք մեր բնության և շրջակա միջավայրի մասին»,- ասաց նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը:

Բնապահպաններից մեկն էլ ավելացրեց, որ այսօր Սևանը ճահճացման եզրին է կանգնած, իսկ լրացուցիչ ջրառն էլ ավելի վատ ազդեցություն կունենա լճի վրա: Նրա խոսքով՝ մենք ընդհանրապես շատ անլուրջ վերաբերմունք ունենք ջրային ռեսուրսների նկատմամբ:

«Արաքսը, Դեբեդն աղտոտված են: 3 անգամ նվազել է արտեզյան ավազանի մակերեսը»,- փաստեց նա:

«S.O.S Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը սպասելիքներ չունի ԱԺ-ից, որ իրենց բարձրացրած կոչը կլսեն: Նա ասաց, որ այն կազմը, որ հիմա խորհրդարանում է, միշտ էլ նպաստել է, որ Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի:

«Մարդիկ, որոնք պատասխանատու են ջրային ռեսուրսների համար, քաջ տեղեկացված են, թե ինչ է կատարվում: Սա սաբոտաժ է, չի կարելի ամեն ինչ գցել մեկ մարդու վրա: Գիտնականները կտրուկ ելույթ ունեցան, բայց ոչ ոք նրանց չի լսում»,- ասաց բնապահպանը:

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանն ասել էր, որ իրենք սրտի կսկիծով են այս որոշմանը գնում: Սիլվա Ադամյանը սարկազմով է վերաբերվում այս մտքին և ասում. «Սա նման է  նրան, որ մարդուն բերում ես մահապատժի և ասում՝ ես քեզ սրտի կսկիծով եմ գլխատում»:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս