loader
Եթե ազդակիր համայնքները չուզենան, նախագիծը չի իրագործվի. վարչապետը՝ «Շնող» ՀԷԿ-ի մասին

Եթե ազդակիր համայնքները չուզենան, նախագիծը չի իրագործվի. վարչապետը՝ «Շնող» ՀԷԿ-ի մասին

Նախորդ կառավարության որոշմամբ՝ Դեբեդ գետի վրա ՀԷԿ կկառուցվի: Կառուցվելիք «Շնող» ՀԷԿ-ը 76 ՄՎտ դրվածքային հզորություն կունենա: Ալավերդի քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը: Օրեր առաջ նրանք բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով կասեցնել կառավարության՝ մեկ տարի առաջ ընդունած որոշումը: Իսկ Ալավերդու և Թումանյանի ավագանիները ՀԷԿ- ի կառուցման դեմ որոշում էին կայացրել: «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները ՀԷԿ-ի կառուցման կործանարար հետևանքների մասին իրազեկել են թե՛ քաղաքի բնակչությանը, թե՛ պատկան մարմիններին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք բնակչության պահանջը կիրականանա, նախորդ կառավարության՝ ՀԷԿ կառուցելու մասին որոշումը կչեղարկվի: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ օրերս էներգետիկ ոլորտին նվիրված խորհրդակցություն են անցկացրել, որտեղ քննարկվել է նաև այդ հարցը:

«Մենք սկզբունքորեն բացառել ենք, որ որևէ համայնքի տարածքում կամ որևէ նախագիծ կիրականացվի առանց ազդակիր համայնքների համաձայնության: Գիտեք, որ այդ նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, այդ նախագիծը դեռևս շրջակա միջավայրի փորձաքննություն չի անցել և դրա հետ կապված նույնիսկ, երբ որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգման պրոցես է գնում, եթե հաշվի առնվեր այդ նախագիծը, այն պետք է փոխվեր, բայց նախատեսված էր, որ այդ փոփոխման ծախսերը պետք է իրականացնի ՀԷԿ-ի ներդրողը: Մենք հիմա որոշում ենք կայացրել, որ այդ ճանապարհը պետք է կառուցվի առանց նախագծի փոփոխության: Եթե ազդակիր համայնքները չուզենան, որ այդ նախագիծն իրագործվի, դա չի իրագործվի»,- վստահեցրեց վարչապետը:

Փաշինյանին հարց ուղղվեց նաև պոչամբարների ճակատագրի վերաբերյալ: Փորձագետները մշտապես բարձրաձայնել են, որ դրանց առկայությունը շրջակա միջավայրին և մարդկանց առողջության համար վտանգավոր է: Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ առանց ազդակիր համայնքների համաձայնության ոչ մի նախագիծ չի իրականացվելու:

«Էկոլոգիական ոլորտը շատ կարևոր եմ համարում: Մենք այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք՝ սկսած ընկալումներից: Պոչամբարների հետ կապված ասեմ, որ բոլոր մետաղական հանքերում մենք ստուգումներ ենք իրականացնելու: Տեսեք՝ ասում են, որ 7 տոկոս տնտեսական աճ կա, բայց մեր ընդերքը քանդել, տարել են՝ արտահանել են»,- շեշտեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս