loader
ՀԲՃ. Մեղրիում ընտրում են կյանքը հանքերի փոխարեն և սկսում են ստորագրահավաք

ՀԲՃ. Մեղրիում ընտրում են կյանքը հանքերի փոխարեն և սկսում են ստորագրահավաք

meghrinews.com կայքը տեղեկացնում է, որ պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Սկսվել է նաև ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետևյալը․

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ  ներքոստրագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

  1. Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքինպատկանող տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերիշահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետևյալ դրույթները․

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Իսկ ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական և հանրային գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրությանը և հանրության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։

2) ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Հանրապետությունում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Ժողովուրդը որևէ մեկի հետ չի կիսում իրեն պատկանող իշխանությունը՝ հանրային-քաղաքական համակարգը, և օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Հետևաբար՝ չկա իշխանություն, որը չի բխում ժողովրդից։

3) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։ Սահմանադրական սույն սկզբունքը սերտորեն և անխզելիորեն կապված է անձի առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հետ։ Սույն իրավունքը անձի հիմնարար իրավունք է, քանի որ շոշափում է անձի հիմնական իրավունքները, նաև կոնկրետ պարտավորություն է իրենից ներկայացնում։ Բարեկեցիկ շրջակա միջավայրը նպաստում է արժանապատիվ և առողջ կյանք ունենալուն։

5) ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքն ունի հողի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության իրավունք»։

6) ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրությունը կոնկրետ գործունեության տեսակների պարագայում մասնակցում է որոշումների կայացման գործընթացին։

7) Ֆադեևան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ մետալուրգիական կոմբինատի շահագործումը վտանգ է սպառնում անձի կյանքին և առողջությանը և նշել է, որ տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը 665 քկմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում, մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում և պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզականառավել ևս նոր հանքավայրերի շահագործման հետկապված աշխատանքներըքանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան և ապագան տեսնում են գյուղատնտեսությանայգեգործությանէկոտուրիզմիմեղվաբուծության և այլ հարակից բնագավառների զարգացման մեջ:

  1. Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում և պահանջում ենք՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու և փորձաքննություն նշանակելու պահանջով: Նշենք նաև, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու ըստ էության անտեսել ակնհայտ փաստերը։

Տվյալ պահանջի հիմք են հանդիսանում հետևյալ հանգամանքները.

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:

2) Հանքավայրը գտնվում է Արևիկ ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:

3)Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4)Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:

  1. Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Խնդրում և պահանջում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ կիրառել խիստ վերահսկողություն»:

Բնակիչները նախատեսում են նաև բողոքի ակցիա իրականացնել Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետևյալ հայտարարությունը. «Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի  հանք»:

Մեղրի հանքերի խնդիրներին ավելի լավ ծանոթանալու համար դիտեք 15 րոպե տևողությամբ «Լիճքի հանք տեսլականից զուրկ պետություն» տեսաֆիլմը՝

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս