loader
Մեր հավատարմությունը կառավարությանն ու հանքի դեմ պայքարը չխաչվող ճանապարհներ են. Ջերմուկի բնակիչ

Մեր հավատարմությունը կառավարությանն ու հանքի դեմ պայքարը չխաչվող ճանապարհներ են. Ջերմուկի բնակիչ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները կրկին փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Արդեն  մեկ շաբաթից ավել է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ հանքի շահագործման: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ չեն դադարեցնելու պայքարի խաղաղ գործողությունները մինչև չլսեն հանքի փակման մասին լուրը:

Վաղը Երևանից իրազեկման նպատակով ավտոերթ նաև կանցկացվի:

«Ավտոերթը սկսվելու է Երևանից, կանգառ ենք ունենալու Արենիում, այդտեղից գնալու ենք Եղեգնաձոր: Ավտոերթի նպատակն է նաև ինչ-որ տեղ ցուցադրել փափուկ ուժ, որ այս հանքի փակման համար ոչ միայն ջերմուկցիներն են պայքարում, այլ ամբողջ Հայաստանն է ոտքի կանգնել»,- ասաց նա:

Ամուլսարում ստեղծված իրավիճակը գնահատելու և խնդիրն ուսումնասիրելու համար կառավարությունն աշխատանքային խումբ է ձևավորել: Նախօրեին ջերմուկցիները հանդիպել էին աշխատանքային խմբի ղեկավար, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ: Նա ներկայացրել է, թե ինչպես է աշխատելու խումբը, ինչ խնդիրներ է լուծելու և ինչ մեթոդներով: Վազգեն Գալստյանն ասաց, որ վստահում են նոր կառավարությանը, բայց իրենց դիրքորոշումը չեն փոխելու:

«Մեր հավատն ու վստահությունն արտահայտում ենք մեր դիրքորոշմամբ՝ միաժամանակ հասկացնելով, որ մեր հավատարմությունը չի նշանակում՝ պետք է ճանապարհները բացենք, որպեսզի հանքարդյունաբերողն իր գործը շարունակի: Մեր հավատարմությունն ու հանքարդյունաբերության ծրագրի դեմ պայքարը չխաչվող ճանապարհներ են»,- ասաց նա:

Ջերմուկցիների պայքարին զուգահեռ երեկ նաև Ամուլսարի հանքի աշխատողները փակել էին Ջերմուկ տանող ճանապարհը՝ պնդելով, որ ակցիաների պատճառով կորցնում են իրենց աշխատանքը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ հայտարարել էր նաև, որ արդեն 3,5 միլիոն դոլարի վնաս են կրել:

«Ինչ ուզում են՝ թող հայտարարեն, իրենք մեր կողմից անտեսված կազմակերպություն են, որի գոյության մասին խոսել չենք ուզում»,- նշեց մեր զրուցակիցը՝ կրկին հիշեցնելով, որ պայքարելու են՝ մինչև դադարեցվի հանքի շահագործումը:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս