loader
Մոտեցումը Սևանին  որպես ազգային  արժեք չի փոխվել. բնապահպան

Մոտեցումը Սևանին որպես ազգային արժեք չի փոխվել. բնապահպան

Այս տարի ժամանակից շուտ են Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողել: Ապրիլ ամսից պարբերաբար Սևանից ջուր են ուղղում Արարատյան դաշտ: Լճի ճակատագրով անհանգստացած բնապահպաններն ու փորձագետները նամակներ են ուղղել Բնապահպանության նախարարությանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեին: «Սոս Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ պատկան կառույցներից անհեթեթ պատասխաններ են ստացել:

«Ահազանգում ենք, որ Սևանա լճի էկոլոգիական համակարգը փոխվում է, ջրի մակարդակը պետք է բարձրանա, բայց կառավարությունը թաքուն իր սև գործը կատարել է»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

Մասնագետները նույն բովանդակության նամակ-դիմումներ են նոր կառավարությանը հղել: Սիլվա Ադամյանը պատասխանները կարդացել է, սակայն գոհ չէ դրանցից: Բնապահպանը նորաստեղծ կառավարությանը հորդորում է Սևանի հարցում նախորդի սխալները չկրկնել:

«Պետք է լուրջ զբաղվել Սևանի խնդրով: Մասնագետները խնդիրը բազմիցս բարձրաձայնել են, բայց փաստացի որևէ փոփոխություն չենք տեսնում: Մոտեցումը Սևանա լճին որպես ազգային արժեք չի փոխվել: Նոր կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և փոխի այդ մոտեցումները, ինչպես փոխել է հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ»,- նշեց բնապահպանը:

Մինչդեռ գյուղացիները պնդում են, որ ոռոգման նպատակով բաց թողնված ջուրն իրենց չի հասնում: Սիլվա Ադամյանի խոսքով՝ գյուղացու դժգոհությունն արդարացված է, քանի որ այդ ջուրն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:

«Այդ ջրի մի մասը գնում է անհայտ ուղղությամբ, որովհետև գիտենք, թե լճի հարակից շրջաններում ինչպիսի կառույցներ ունեին մեծահարուստները: Հիմա չգիտենք, թե նոր կառավարությունն ինչպես է այդ դեպքում վարվելու»,- նկատեց նա:

ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով՝ Սևանա լիճի մակարդակը նվազել է 5 սանտիմետրով: Լճի բարձրությունը կազմում է 1900, 84 մետր, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում 1900, 89 է եղել:

Ըստ մասնագետի՝ Սևանը փրկելու համար քայլերից մեկը ջրբացթողումների քանակի քչացումը պետք է լինի: Հաշվարկված քանակով պետք է ջուր հանվի լճից, որպեսզի կորուստներից խուսափենք և մակարդակը պահպանվի: Սիլվա Ադամյանը նաև ջրամբարների խնդրներն է մատնանշում: Կառավարությունն այս հարցն էլ պետք է աչքաթող չանի:

«Ջրամբարների կառուցման, եղածի ճիշտ շահագործման խնդիր ունենք: Ջրագծերն էլ նորմալ վիճակում չեն: Պետք է հաշվարկել ամեն ինչ, որպեսզի աննպատակ ջուր չթողնվի»,- ասաց նա:

Իսկ այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 40 միլիոն 532 հազար խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 107 միլիոն 476 հազար խմ ջուր:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս