loader
Նախարարը պետք է լինի ոչ թե բնություն օգտագործող, այլ՝ պահպանող. երթ

Նախարարը պետք է լինի ոչ թե բնություն օգտագործող, այլ՝ պահպանող. երթ

Այս պահին Երևանում բողոքի ակցիա է և քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Բնության պաշտպանությամբ մտահոգ քաղաքացիներն ու բնապահպաները Հանրապետության հրապարակից երթով հասել են Բնապահպանության նախարարության առջև: Նրանք նախարար Էրիկ Գրիգորյանից պահանջում են տեր կանգնել բնությանը:

«Բնապահպանության նախարարը պետք է լինի ոչ թե բնություն օգտագործող, այլ՝ պահպանող»,- իր ելույթում նշեց ակտիվիստներից մեկը:

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները  «Ամուլսարն առանց հանքի», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով շարժվեցին Կառավարություն:

«Հանքը մեծ հարված է հասցնում գյուղատնտեսությանը: Մարդիկ անասնապահությամբ չեն կարողանում զբաղվել: Ծառեր են հատվել: Բացի այդ, հանքի շահագործման հետևանքով կարող է ջուրն աղտոտվի և այն խմելու համար դառնա ոչ պիտանի: Չպետք է ներդրումներ անելով վնասել բնությունը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Նրանք այս պահին «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակ տանող ճանապարհին են: Իրենց պահանջը ևս մեկ անգամ ներկայացնելու են հանք շահագործող ընկերությանը:

Այսօր նաև Երևանից-Ջերմուկ ավտոերթ է անցկացվում:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ բնապահպանները պայքարում են հանքի շահագործման դեմ:

Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհները, ինչպես նաև հանքի մուտքերը: Բնապահպաներին զուգահեռ պայքարի են դուրս եկել նաև «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները: Նրանք պնդում են, որ հանքը փակվելու հետևանքով իրենք գործազուրկ կմնան, իսկ ընկերությունը հայտարարում է, որ ակցիաների հետևանքով վնասներ են կրել: Արդեն 14 օր է՝ շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի նաև Երևանի և այլ տեղերի բնակիչների շնորհիվ հանքի մուտքերը փակ են:

Վարչապետի հանձնարարականով կազմավորվել է աշխանաքային խումբ, որը պետք է ստուգումներ իրականացնի և եզրակացություն տա հանքի վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքում է: Նա լինելու նաև Ջերմուկում և տեղում ծանոթանալու է Ամուլսարի խնդրին:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս