loader
Պահանջում են չեղարկել  «Շնող» ՀԷԿ-ի կառուցման որոշումը

Պահանջում են չեղարկել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման որոշումը

Դեբեդի հովտի բնակիչներն այսօր քայլարշավ են անցկացնելու՝ Դեբեդ գետը փրկելու պահանջով: Գետի հարցով մտահոգ քաղաքացիները քայլարշավի միջոցով տեղացիներին և կառավարությանն են ներկայացնելու Շնող ՀԷԿ-ի կառուցման հնարավոր բնապահպանական վտանգները: Քաղաքացիներն իրենց բողոքի նոտան կհղեն Ախթալայի քաղաքապետարանի մոտից:

«Դեբեդի առափնյա հատվածի բնակիչներին պետք է իրազեկենք, թե ինչ բնապահպանական խնդիրներ է առաջանալու, երբ կառուցվի Շնող ՀԷԿ-ը: Այդ վնասները լինելու են և՛ բնապահպանական, և՛ սոցիալ-տնտեսական»,- Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց Ալավերդի քաղաքի ավագանու անդամ Հարություն Զավարյանը:

Անցյալ տարի կառավարությունը համաձայնվեց, որ Հայաստանում հերթական ՀԷԿ-ը կառուցվի: «Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով՝ ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։ Նախագծի համաձայն` ՀԷԿ–ը շահագործման հանձնվելուց հետո կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի մոտ 5%-ը։ Նախաձեռնությունը, սակայն, այսօր պահանջում է չեղարկել Կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի որոշումը և կայքից հեռացնել ծրագիրը:

«Կառավարությունն այդ ծրագիրը ներկայացնում է որպես ռազմավարական, բայց սա ավելի ճիշտ կործանարար ծրագիր է: ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ կնքված հուշագիրը պետք է չեղարկել: Ձորագետ-Փամբակ վտակների վրա նույնպես նախատեսվում է ՀԷԿ-ի կառուցում՝ կասկադային սկզբունքով, որի հզորությունը կկազմի 56 մեգավատ: Իրենց ծրագրերը կշարունակվեն, իսկ մեր ձորը կչորանա»,- մտավախություն հայտնեցին բողոքի դուրս եկած բնակիչները:

Դեբեդի ջրով շրջակա 3000 հեկտար անտառածածկ տարածքն է սնվում: Ջուրը պակասելու դեպքում ծառերը չորանալու են: Տեղացիներն այլ մտավախություններ ևս ունեն:

«ՀԷԿ կառուցելուց հետո ամռանը Դեբեդը կչորանա, իսկ տարվա մյուս եղանակներին ջրի հոսքը շատ քիչ կլինի: Այս տարածաշրջանում ոչ մի համայնքը չունի կոյուղագծերի մաքրման կայաններ, կոյուղին լցվում է գետի մեջ: Ուղղակի Դեբեդը դառնալու է սովորական կոյուղատար՝ իր բոլոր հետևանքներով»,- նշեց նա:

Լոռու մարզի բնակիչները ցանկանում են, որ մինչև ներդումները կառավարությունն օր առաջ չեղարկի նախորդ իշխանության ընդունած ՀԷԿ կառուցման ծրագիրը:

«Բնակչությունը դեմ է, սա պետք կառավարությունը հասկանա և չեղարկի, քանի դեռ փողեր չեն բերել ու ներդրել: Տարածաշրջանի բնակիչները չեն ուզում, որ ՀԷԿ կառուցվի»,- փաստեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս