loader
Փաստարկված և ապացուցված պատասխան պետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Փաստարկված և ապացուցված պատասխան պետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկ քաղաքում է: Նա «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և բնապահպանների հետ քննարկում է Ամուլսարի խնդիրը: Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ ինքն Ամուլսարի գործում ոչ մի շահ չունի: Իր համար թանկ է յուրաքանչյուր ծառ, բայց որպես վարչապետ պարտավոր է հավասարակշռված լինել:  Նա հանքի շահագործման խնդիրն առանձնացրեց երկու գլխավոր հարցով՝ արդյո՞ք հանքի շահագործումը նեգատիվ ազդեցություն կունենա ջրահավաք ավազանի վրա և աղտոտելու է ջուրը: Երկրորդ՝ հանքն առողջարանային քաղաքի զարգացման վրա ազդելո՞ւ է, թե՝ ոչ: Ըստ վարչապետի՝ Ամուլսարի խնդրի լուծման համար իրենց հենց այս երկու հարցի պատասխանն է պետք:

Փաշինյանն առաջարկեց հարցը քննարկել և եզրահանգման գալ եռակողմ ձևաչափով՝ կառավարություն-հանք շահագործող ընկերություն-բնապահպան և համայնքի բնակիչներ:

«Մեր այցն ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Փաստարկված և ապացուցված պատասխան պետք է լինի: Պետք  է հասկանանք, որ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն:  Եթե այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք գոնե միջազային հարաբերությունների տեսակետից, կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: Ամուլսարի հանքի խնդրով կարող եմ ասել՝ ինչ-որ մարդիկ ստեղծել են «սիտուցիա», ովքե՞ր են այդ մարդիկ, այստեղ են գտնվում, թե՝ ոչ, չգիտենք: Այս խնդրով փորձում են Հայաստանին դատական գործընթացի մեջ ներքաշել»,- ասաց Փաշինյանը:

 Վարչապետի խոսքով՝   եթե գտնվեին նախագծի նախնական փուլում, իր համար երկրորդ պատասխան չէր լինի, քաղաքական որոշում կկայացվեր, որ Ջերմուկում պետք չէ հանք շահագործվի:

«Հիմա կա վիճակ, երբ 80%-ն արված է և իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք: Ցանկացած որոշում պետք է կայացված լինի փաստերի հիման վրա: Այս գործընթացը սկսվել է շատ երկար ժամանակ առաջ՝ 12 տարի, և եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ Ջերմուկի մոտ: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ահռելի ծախս է կատարվել»,- նկատեց նա:

Ջերմուկի բնակիչներից մեկն իր ելույթում նշեց, որ պետք չէ գիտնական լինել՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն ունի հանքի շահագործումը բնության վրա: Բնակիչն ասաց, որ իրենց ջուրը թունավորվում է:

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ ասվածն ապացուցվելու դեպքում մեղավորները կպատժվեն: Ընկերության ներկայացուցչի կարծիքով՝ պետք է նոր փաստահավաք խումբ ձևավորել, որտեղ ներգրավված կլինեն օբյեկտիվ փորձագետներ, ոչ թե նրանք, ովքեր տարիներ շարունակ քննադատել են Ամուլսարի պրոյեկտը:

Լսելով կողմերին՝  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդրի լուծման համար ստեղծված փաստահավաք խումբն աշխատանքները կշարունակի: Նա հայտարարեց, որ կառավարությունը այս խնդիրը կքննարկի և իր դիրքորոշումը կհայտնի առաջիկայում:

Ըստ էության՝ այս քննարկման ընթացքում կողմերը համաձայնության չեկան: Բնապահպանների պնդմամբ՝ իրենք վերսկսելու են բողոքի գործողությունները, թույլ չեն տալու, որ հանքը շահագործվի:

Հանք շահագործող ընկերության ներկայացուցիչներն էլ նշեցին, որ մեկ օր անգամ չեն կարող առանց աշխատանքի մնալ: 

Քննարկումն այսքանով ավարտվեց:  Փաշինյանը դուրս եկավ դահլիճից: Նրա հաջորդ կանգառը Եղեգնաձոր համայնքում է լինելու:

Նշենք, որ ցուցարարները 13 օր փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ և պահանջում են դադարեցնել աշխատանքները: «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներն էլ իրենց հերթին են պայքարում՝ պնդելով, որ ակցիաների պատճառով իրենց աշխատանքը վնասում է:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս