loader
Տիգրան Ավինյանի հորդորն այլևս չենք ուզում լսել. Ջերմուկի բնակիչ

Տիգրան Ավինյանի հորդորն այլևս չենք ուզում լսել. Ջերմուկի բնակիչ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչից հետո Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը: Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը` փոխվարչապետը հորդորել է բացել Ամուլսար տանող ճանապարհը՝ խոստանալով սեղմ ժամկետներում ձևավորվել աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբն արձանագրված իրավիճակի համար կմշակի և կներդնի հասցեական լուծումներ:

«Մենք երկու անգամ հորդորին լսել ենք, բայց այդ հորդորները չեն բերում այն արդյունքին, ինչի համար մենք պայքարում ենք: Մեր խնդիրն Ամուլսարի հարցում որոշումների կայացման արագությունն է, և մենք դրա հետ կապված ամեն ինչ անում ենք: Երկու անգամ փակել ենք, երկուսի դեպքում էլ ասել են, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, չի ստեղծվել, և նորից ենք փակել: Սա արդեն երրորդ անգամն է: Եթե խնդրանքներին, հորդորներին ընդառաջում են, ստացվում է, որ հարցը փակուղային իրավիճակում է հայտնվում: Մենք ուզում ենք, որ հանրային կարծիքը հաշվի առնվի, որը մինչև այս հաշվի չի առնվել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է խնդրին: Վարչապետն ասել է, որ չի հասկանում Ամուլսարում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության նպատակը։ Նա ևս կոչ է անում դադարեցնել անհնազանդության գործողությունները: Նա նկատել է, որ եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ, կառավարությանը փակուղային իրավիճակում դնելը չէ, ապա պետք է դադարեցնել բողոքի ակցիաները: Վազգեն Գալստյանն ասաց, որ խնդրին տեղում ծանոթանալու համար վարչապետին Ջերմուկ են հրավիրում: Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները Facebook-ում տեսանյութ են հրապարակել՝ պատասխանելով վարչապետին: Նրանք չեն վստահում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Նրանց կարծիքով՝ նախարարն Ամուլսարի հետ կապված խնդիրները ճիշտ չի զեկուցում կառավարությանը:

«Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը պարոն Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, նա ասաց, որ մեր գիտնականները «Լիդիան Արմենիա» այցի ժամանակ կարծիք են փոխել, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք վստահում Էրիկ Գրիգորյանին, այլ կվստահենք մեր վարչապետին»,- ասաց Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը:

Վազգեն Գալստյանի փոխանցմամբ՝ վաղը հանդիպում է նախատեսված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ: Քննարկումներից հետո անելիքները կորոշեն:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս