loader
   Աղավնաձորցիները հրաժարվում են խաղողը հանձնել

Աղավնաձորցիները հրաժարվում են խաղողը հանձնել

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս խաղողով բեռնված մեքենաները համայնքից դուրս գան: Աղավնաձորցիները պահանջում են խաղողի գնի վերանայում: Խաղողագործները Հայաստան 24-ի հետ զրույցում պատմեցին, որ երեկ համայնք է այցելել «Ոսկեվազի» գործարանի տնօրենը, և պայմանավորվել են «Խարջի» տեսակի մեկ կիլոգրամ խաղողն ընդունել 400 դրամով: Իսկ նախորդ տարի այս տեսակի խաղողն աղավնաձորցիները մթերող ընկերություններին են հանձնել կիլոգրամը 420-450 դրամով:

«5 տոննա բերքի չափով արկղեր են բաժանել: Մի ավտոն հասցրել են բաժանել, իսկ մյուս մեքենայի ճանապարհը փակել են: Թույլ չեն տալիս ո՛չ հավաքած խաղողը դուրս գա, ո՛չ էլ թույլ են տալիս, որպեսզի ընկերության ավտոմեքենան բերքն ընդունելու համար արկղեր բաժանի»,- ներկայացրեցին խաղողագործները:

Արդեն բերքահավաք կատարած գյուղացիները մնացել են բերքի մոտ շվարած կանգնած:

«Գինն էժան է, այդ տեսակի խաղողի արժեքը շատ ցածր են գնահատում: Խաղողագործությամբ զբաղվելն այլևս ձեռք չի տալիս, պատրաստվում ենք քանդել մեր այգիները»,- ասացին նրանք:

Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ իրենց համագյուղացիներից մեկը դիմել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատյանին: Նախարարը խոստացել է հետամուտ լինել խնդրին և վերամշակող գործարանների հետ քննարկել խնդիրը: Միևնույն ժամանակ վստահեցրել է, որ մթերման գինը չի փոխվի՝ կպահպանվի նախորդ տարվա արժեքը, բայց գործարաններն իջեցրել են արժեքը:

Աղավնաձորցիներն ասացին, որ նույն ճակատագրին է արժանանալու նաև «Արենի» տեսակի խաղողը: Նախորդ տարի արժեքը կազմել է 280-320 դրամ, այս տարվա մեկնարկային գինը 250 է, ինչը ևս զայրացել է խաղողագործներին: Մի քանի օրից այստեղ նաև «Արենի» խաղողը կքաղեն:

Աղավնաձորցիների խոսքով, եթե պատկան մարմինները խնդիրը չկարգավորեն, նրանք պատրաստվում նաև միջպետական ճանապարհը փակել:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս