loader
Աննախադեպ ակցիա՝ «Մեհմանդարի» շուկայում. լուսանկարներ

Աննախադեպ ակցիա՝ «Մեհմանդարի» շուկայում. լուսանկարներ

Գների ակցիա՝ գյուղմթերքի շուկայում: Արմավիրի մարզի «Մեհմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում գյուղացիները բադրիջանն ակցիայով են վաճառում: 20 կիլոգրամ բադրիջանն արժե ընդամենը 1000 դրամ: Կան գյուղացիներ, որոնք ավելի մեծ զեղչերով են իրենց մշակած ապրանքը վաճառքի հանել: Թագուհի Իվանյանը 31 կիլոգրամ բադրիջանը 800 դրամով է գնել և աննխադեպ ցածր գներից զարմացած է: Վաճառողը բացատրում է, թե գինն ինչու է այդքան ցածր:

«Կիլոգրամը համարյա 40-50 դրամով ենք վաճառում: Բերքը շատ է, լճացում է առաջացել, դրա համար էլ գինը նվազել է: Էժանն էլ չեն գնում, մարդ չկա, որ առևտուր անի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Հովտաշատ համայնքի բնակիչ Վանիկ Կարապետյանը:

Ապագա համայնքի բնակիչ Կարեն Մնացականյանի մոտ եղած գյուղմթերքն էլ է բադրիջանը: 20 կիլոգրամի համար 800-1000 դրամ գումար է ուզում: Նրա խոսքով՝ ցածր գինն էլ գնորդներին չի գրավում:

«Ընդհանրապես այս տարի առևտուրը շատ վատ է: Նախորդ տարի գործարանները բադրիջանը մթերում էին, այս տարի մթերում չի կազմակերպվում, դրա համար էլ բերքը մնացել է՝ չի ռեալիզացվում»,- նշեց նա:

Գյուղացիների խոսքով, եթե առևտրի ծավալները նման կերպով ընթանան, իրենք ամեն տարվա պես կանգնելու են վարկերը մարելու խնդրի առջև:

«Ընկերս մի հսկայական տոպրակ բադրիջանը 300 դրամով է վաճառել: 64 տոպրակը ջրի գնով տվել, գնացել է: Այս դեպքում ո՞նց կարաս եկամուտ ստանաս: Վարկերը չենք կարողանալու մարել: Էլի մի բանկից պարտք են վերցնելու ու մյուսին տանք»,- ասաց մեկ այլ գյուղացի:

Պղպեղի վիճակն, ի տարբերություն բադրիջանի, ավելի լավ է՝ կիլոգրամը 300-400 դրամ արժե: Հողագործների պատմելով՝ եղանակն այս տարի անհաջող էր պղպեղի մշակության համար:

«50 տոկոսով բերքի կորուստ է եղել, դրա համար էլ բարձր գին ունի»,- մանրամասնեցին գյուղացիները:

Սոխն էլ ջրի գին ունի: Շուկայում գյուղացին այն 60 դրամով է վաճառում, իսկ նրա կողքի վերավաճառողը նույն ռուսական տեսակի սպիտակ գլուխ սոխը վաճառոմ է 90 դրամով: Այս տարի առատ բերք են ստացել: Տեղական արտադրողը 50 դրամ էլ չի կարողանում այն սպառել՝ մինչդեռ նույն որակի պարսկական սպիտակ գլուխ սոխը 200-250 դրամ է տեղական շուկայում իրացվում: Գյուղացիների խոսքով՝ իրենց գործին ներկրումներն են խփում:

«Լավ որակի սոխեր են մերը, բայց պարսկականը մի քիչ տեսքով ավելի լավն է: Պետք է այս ներկրումները դադարեցվեն, որ կարողանանք օգուտ ստանալ»,- դժգոհեց Ջանֆիդա համայնքի բնակիչը:

«Մեհմանդարի» շուկայում բեռնատարները ձմերուկով են լեցուն, բայց վաճառողները հակառակն են պնդում, թե բերքը քիչ է և այս սեզոնին, մյուսի համեմատ, բարձր գին է առաջարկվում: Ձմերուկի գինը շոկայում կիլոգրամը 100 դրամից է սկսվում:

«Եղանակային պայմանները լավ չէին և այն ազդեց ձմերուկի բերքի վրա: Բերքը քիչ ենք ստացել, ինչն էլ ազդել է գնի վրա: Էն սկզբից սաղ պարսկական ձմերուկ էր շուկան լցված, ու մենք ստիպված էինք մրցակցել նրանց հետ»,- բողոքեցին նրանք:

Բերքի իրացումից դժգոհ գյուղացիները հուսով են, որ նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի նաև գյուղմթերքի իրացման համար և իրենց բերքի հետ այլևս միայնակ չեն մնա:

 Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս