loader
Բարի ցանկությունների ծրագիր է. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ

Բարի ցանկությունների ծրագիր է. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ

Գյուղատնտեսության մասով կառավարության ծրագիրը բարի ցանկությունների ծրագիր է: Ստացած տպավորությունն է կիսում «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Նա գտնում է, որ ծրագրում կոնկրետություն չկա: Գյուղտեխնիկայի ոլորտի մասնագետը նշում է, որ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ առաջարկում էր գյուղտեխնիկայի պարկի թարմացում և հստակ անելիք մատնանշում, բայց այն այդպես էլ մնաց թղթի վրա:

«Հստակություն չկա, կոնկրետ բան չկա գրված, խոսում են վերացական բաների մասին, բայց թե ե՞րբ, որտե՞ղ, ո՞ր մարզում ինչ է նախատեսվում, ինչքա՞ն գումարի սահմաններում, դրա մասին խոսք չկա: Կարելի է շատ լավ ցանկություններ արտահայտել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

Նոր իշխանությունը ձեռնարկում է Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված դարձնել, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի: «Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավարի խոսքով՝ ոռոգման ջուրը մինչև հողատարածք հասնելը մեծ կորուստներ է ունենում, այն մոտ 80 տոկոսի է հասնում: Սարգիս Սեդրակյանն առաջարկում է հենց այս կորուստները նվազեցնել: Ըստ փորձագետի՝ առաջարկվող կաթիլային ոռոգման համակարգն էլ փրկություն չէ: Այն մի կողմից շատ թանկ է, բոլոր գրպանին հասանելի չէ, մյուս կողմից ոչ բոլոր մշակաբույսերի դեպքում է այն կիրառելի:

«Ոչ բոլոր մշակաբույսերը կարող ես դրանով ջրել, մի քանի կուլտուրայի դեպքում է նպաստավոր, բացի դա էլ գյուղացին վարկերի, պարտքերի տակ խրված է, հնարավորություն չունեն: Նրանք նաև վախենում են, որ կարող է բերեն դաշտում մոնտաժեն, հետո դրանք գողանան տանեն»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց, որ իշխանությունը չի խոսում ոռոգման ջրի որակի լավացումից: Այսօր ոռոգման ջրի մեծ մասի հետ աղբ է լցվում հողատարածքները: Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Սարգիս Սեդրակյանը դիտողություն է անում՝ 1/3-ը չի մշակվում, այլ վարելհողերի կեսից շատը:

«Տարիներ շարունակ մեր երկրում սխալ ագրարային քաղաքականություն է վարվել, և գյուղացին հնարավորություն չի ունեցել այն մշակել: Թող ինքն ասի՝ ո՞նց է նախատեսում հողերը մշակովի դարձնել: Կոնկրետ թող գրեն, օրինակ՝ Շիրակի մարզում այսքան հողեր է նախատեսվում այս ձևով մշակովի դարձնել: Կոմունիստների ժամանակ, երբ քարքարոտ հողերը վարելահողերի վերածելիս ուղղակի քարերը դաշտերից հանում էին, կույտ սարքում, հիմա կան ժամանակակից մեքենաներ, որոնք այդ քարերն աղում են, փռում դաշտի մակերեսին: Այսինքն՝ սրանից հետո ցանկացած գյուղատնտեսական մեքենա անվնաս կարող է աշխատել»,- մատնանշեց նա:

Բոլոր դեպքերում, մասնագետի կարծիքով, ցանկացած ծրագիր առաջ տանելիս նախ պետք է տվյալ ոլորտը պրոֆեսիոնալ կադրերով համալրեն, ինչն, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում բացակայում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս