loader
Երևանի բյուջեն խզբզած բյուջե էր. ավագանու անդամ

Երևանի բյուջեն խզբզած բյուջե էր. ավագանու անդամ

Ավագանու հերթական նիստում «Լույս» խմբակցության անդամները չմասնակցեցին Երևանի բյուջեի փոփոխությանը վերաբերող հարցի քվեարկությանը, իսկ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ Երևանի բյուջեն որակեց «անդեմ»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Հայաստան 24-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի բյուջեի փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգություններին, նշեց.

 -Պետք է ասեմ, որ մենք ի սկզբանե ճիշտ շեշտադրումներ էինք արել՝ ճյուղ առ ճյուղ նշելով, թե որ ոլորտում բյուջեի մասով ինչպիսի թերացումներ կան: Նշել էինք, որ կարևորագույն շատ ոլորտների կրճատումների հաշվին ավելացել են քաղաքապետի արտագնա գործուղումները, կամ, օրինակ՝ մեծացել է քաղաքապետարանի աշխատակիցների մասնագիտացումների վրա ծախսվող գումարի չափը: Բյուջեի այս փոփոխությունը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր այն տեսակետը և այն վարկածները, որ բյուջեն գրված է թափթփված, անդեմ և անհիմն: Ըստ էության՝ բյուջեի վրա մանրամասն չէին աշխատել և կրճատել էին կրճատելու համար: Երկու ամիս հետո մենք փաստացի համոզվեցինք, որ դա ուղղակի խզբզած բյուջե էր: Այդտեղ բազմաթիվ կետեր սխալ էին գրվել, իսկ կրճատումներն էլ մեխանիկորեն էին արվել:

- Կոնկրետ ո՞ր ոլորտում էին թերացումները:

- Մասնավորապես, անդրադառնալով վերելակներին, կամ կանաչապատմանը տրամադրվող գումարներին, պետք է ասեմ, որ Երևանում 4000-ից ավել վերելակ ունեցող բազմաբնակարան շենքեր կան: Եթե վերելակի շարժիչն արժե մեկ  ու կես միլիոն դրամ, ճոպանն արժե 200 հազար դրամ, ինչպե՞ս եք պատկերացնում վերելակների սպասարկմանը տրամադրող բյուջեի 30 միլիոն դրամ չափը: Սա մի ակնառու օրինակ է, որ բյուջեն սխալ է գրված: Կարծում եմ, որ Երևանի բյուջեն ևս մեկ անգամ փոփոխվելու է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

- Ըստ էության՝ ավելացել են փողոցների լուսավորության համար նախատեսված գումարները, չե՞ք համարում, որ դրա անհրաժեշտությունը կար:

-  Համամիտ եմ: Հավելեմ նաև, որ քաղաքապետարանի գործադիրը երկու-երեք ամսվա ընթացքում հասկացել է, որ այո, այդ խնդիրները վեր չհանելով, ոչ ոք չի կարողանա, օրինակ՝ 30 միլիոն դրամով վերելակների սպասարկում ապահովել:

- «Լույս» խմբակցությունը քվեարկության ժամանակ չգրանցվեց, ինչո՞ւ:

- Մեր խմբակցությունը ճիշտ համարեց ուղղակի չգրանցվել: Անդրադառնալով մեր նկատառումներին՝ իրականում  ավագանու անդամների գերակշիռ մասն էլ փաստեց, որ ականջալուր է եղել մեր ասածին, և մի պահ այնպիսի տպավորություն էր, որ բյուջեն մեր «խաթեր» են փոխել: Դե, արի ու մի ասա՝ մենք ճիշտ էինք, դուք սխալվեցիք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս