loader
Եթե անասնապահությունը արտահանմանը միտված չլինի, ապրելու ենք պերմանենտ ճգնաժամերի շրջափուլում. վարչապետ

Եթե անասնապահությունը արտահանմանը միտված չլինի, ապրելու ենք պերմանենտ ճգնաժամերի շրջափուլում. վարչապետ

Մեր ծրագրում ոչինչ գրված չէ նաև պատգամավորների գործունեության մասին, հույս ունեմ, որ այդ դժբախտ բախտը ձեզ չի մղում այն մտքին, որ դուք ձեր պատգամավորական մանդատները դնեք և դուրս գաք խորհրդարանից: ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ կառավարության ծրագրում ներառված չեն օրգանական գյուղատնտեսության, կաթի և այլ գյուղմթերքների իրացման վերաբերյալ հարցերը, բաց են նաև արոտավայրի խնդիրները և այլն:

Պատգամավորը փորձեց գործադիրի ղեկավարից ճշտել, թե ինչո՞ւ այս հարցերը չկան, և ֆերմերները, կարդալով ծրագիրն, իրենց հուզող հարցերն այս ոլորտի վերաբերյալ չեն ստանում: Այվազյանի խոսքով՝ չկա նաև սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ որևէ կետ: Սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ հստակ գրել են, որ պետք է ամեն ինչ անեն Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար:

«Մենք սրանով նկատի ունեք այն, որ երկար տարիներ դա անվանվել է տարածքային համաչափ զարգացում և իմ ասածի տրամաբանության մեջ դա նույնպես մտնում է»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Փաշինյանը շեշտեց, որ չմշակվող հողերի հետ այսօր կա մեծամասշտաբ պրոբլեմ: Պատճառներից մեկն այն է, որ այդ հողատարածքների սեփականատերերը երկար տարիներ Հայաստանում չեն բնակվում և հողերն անմշակ են մնում:

«Ունենալ օրենսդրական այնպիսի մեխանիզմներ, որ մեր սիրելի հայրենակիցներն այդ հողերն առնվազն շահագրգռություն ունենան տալ վարձակալության»,- կարևորեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը էկոտուրիզմը լրջորեն խթանելու մեխանիզմներ և ֆինանսներ ունի, այդ թվում՝ բնապահպանական գրանտների և վարկային միջոցների հասանելիության միջոցով:

Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մսամթերքի և կանթամթերքի իրացման վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ Փաշինյանն ընդգծեց. «Կարծում ենք, որ անասնապահությունը նույնպես պետք է միտված լինի արտահանմանը, որովհետև եթե մեր անասնապահությունը արտահանմանը միտված չլինի, մենք ապրելու ենք պերմանենտ ճգնաժամերի շրջափուլում, որովհետև եթե անասնագլխաքանակն աճում է, դա բերում է շուկայում մսի գնի կտրուկ անկան և այդ տնտեսությունների սնանկացման շղթա է տեղի ունենում: Մենք պետք է անասնապահությունը զարգացնենք մսի արտահանման ուղղությամբ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս