loader
Եթե ուզում ենք բարձր արտադրողականություն, պետք է արհեստական սերմնավորում կատարենք. փորձագետ

Եթե ուզում ենք բարձր արտադրողականություն, պետք է արհեստական սերմնավորում կատարենք. փորձագետ

Անասնապահության ոլորտը խելքի բերելու համար դեռ շատ անելիքներ կան: Հայաստան 24-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Կարինա Հարությունյանը:

Արդեն մի քանի տարի է՝ անասնապահության ոլորտի զարգացման համար ծրագրեր են իրականացնում: Ձեռքբերումներ ունեն, բայց դեռ շարունակվում է բացեր մնալ: Կարինա Հարությունյանը նրանցից ամենակարևորներն է առանձնացնում: Նրա խոսքով՝ այսօր անասնապահության ոլորտում չկա մասնագիտացում:

«Պետք է տարբերակել կաթի՞, թե՞ մսի արտադրությամբ ես ուզում զբաղվել: Կան ֆերմաներ, որոնք արդեն մասնագիտացված են: Կան որոշները, որոնք ավելի շատ մասնագիտացված են մսի արտադրությամբ և ցեղատեսակների բարելավումն այդ ուղղությամբ են իրականացնում: Կան նաև կաթի արտադրությամբ մասնագիտացվածներ, բայց սրանք մի քանի խոշոր ֆերմաներ են»,- նկատեց փորձագետը:

Մթերատվությունը բարձրացնելու համար նախ, ըստ Կարինա Հարությունյանի, պետք է անասնաբուժական ծառայությունները բնականոն գործեն, ինչը թույլ կտա, որ գյուղացին կարողանա ժամանակին կանխարգելել կենդանու հիվանդությունը, բարձրացնել մթերատվությունը և կորստի ռիսկը նվազեցնել:

Անասնապահության զարգացման համար կարևոր է նաև ցեղատեսակների խնդրի լուծումը: Բարձր ցեղատեսակի խոշոր եղջերավորների դեպքում բարձր է նաև մթերատվությունը: Այս հարցում օգնության է հասնում արհեստական սերմնավորումը:

«Սա թույլ է տալիս, որ ֆերմերը մասնագիտանա, որ կենդանին այնպես բուծի, որ բարելաված ցեղատեսակներ ստանա, որոնք ավելի շատ մթերատու են: Եթե մենք ուզում ենք բարձր արդյունավետություն և արտադրողականություն, միանշանակ պետք է արհեստական սերմանավորում, որը թույլ է տալիս ստանալ մաքրացեղ կենդանի: Իսկ նրանք ավելի մթերատու են, քան խառնածինը: Հիմա ունենք իրավիճակ, որ մեր կենդանիները մեծ մասամբ խառնածին են, ընդ որում՝ ազգակցական կապերի միջոցով ծնված կենդանիներ»,- մատնանշեց Հարությունյանը:

Կերարտադրությունը ևս անասնապահության զարգացման կարևոր բաղադրիչներից է:

«Բոլորը կերարտադրության ոլորտում մտահոգված են: Պետք է հյութալի կերերի արտադրությունը զարգացնել: Այն դեռ ոչ բավարար վիճակում է: Արոտների խնդիր ունենք: Կենդանիները 6 ամիս գտնվում են այնտեղ, դրանք պետք է պահպանվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Անանասպահությունը զարգացնելու համար շարունակական աշխատանք է պետք, անհրաժեշտ է բոլոր օղակները զարգացնել, որպեսզի ֆերմերը կարողանա անասնապահությունից եկամուտ ստանալ:

Նա նաև ասաց, որ մսամթերքի շուկան այսօր կանոնակարգված չէ: Այս խնդրի լուծումն էլ իր հերթին կնպաստի անասնապահության զարգացմանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս