loader
Ֆերմերները պահանջում են լուծել մսամթերքի իրացման խնդիրը

Ֆերմերները պահանջում են լուծել մսամթերքի իրացման խնդիրը

«Օգնիր գյուղացուն» պաստառներով կառավարության առջև են Արմավիրի մարզի ֆերմերները: Նրանք բողոքում են, որ մսամթերքը չի իրացվում: Ֆերմերները դժոհում են, որ չարչարվել են, անասուն պահել, բայց այսօր չեն կարողանում վաճառել: Հեղափոխությունից հետո  քսան տոկոս ավելացրած արժեքի հարկի պատճառով սուպերմարկետներն իրենցից միս չեն գնում: 

«Դրսից բերված միսը վաճառվում է, մեր միսը չեն վերցնում: Ղասաբին կանչում ենք, որ գա, ասում է՝ կիլոգրամի համար պետք է 600 դրամ գումար տաս: Եթե 150 կիլոգրամանոց ցուլիկ ունես, ամեն մի կիլոյին 600 փող տամ, ի՞նչ է մնալու»,- հարց բարձրացրեց ֆերմերը:

Նրանց խոսքով՝ սուպերմարկետների նկատմամբ հարկային խստացումներն են նման իրավիճակ ստեղծել: Վերջին բացահայտումներից հետո խոշոր սուպերմարկետների սեփականատերերն այլևս չեն կարողանում գյուղմթերքի վաճառքն իրականացնել հարյուրավոր անհատ ձեռներեցների անվան տակ և խուսափել հարկից։ 

«Հիմա մեր անասունները հասունացել են, մորթելու ժամանակն է, սուպերմարկետները մեզնից չեն ընդունում միս՝ հարկի համար։ Դրսերից միս են բերում էժան, որի մեջ մտնում է ԱԱՀ-ն: Խանութները մեզնից 2500 դրամով միսը վերցնում են, 2950 դրամով վաճառում»,- ասաց անասնապահը:

Խոշոր սուպերմարկետները մսամթերք են ներկրում Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից՝ ավելի էժան գներով: Գյուղացիները նշեցին, որ նախկինում մսի կիլոգրամը վաճառվում էր 2800 դրամով, հիմա՝ 2500-2400 դրամով:

«Մսի վրա ԱԱՀ են ավելացրել: Օրենքով չպետք է դա լինի: Գյուղմթերքը 20 տոկոս ԱԱՀ-ից պետք է ազատվի: Ծխախոտի ԱԱՀ-ն չեն տալիս, մսինն են պահանջում: Անասունը չենք կարողանում վաճառել, նիհարում են: Մորթել եմ անասունը և «նիսյա» բաժանել»,- ասաց Ջրաշեն համայնքի բնակիչ Եսայի Հակոբյանը:

Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են լուծել մսամթերքի իրացման խնդիրը, հակառակ դեպքում պատրաստվում են ինչպես թավշյա հեղափոխության ժամանակ, այնպես էլ հիմա փողոց փակել: Խնդիրը չկարգավորվելու դեպքում անասնապահությամբ զբաղվելը հարցականի տակ կհայտնվի, իսկ այս դեպքում ֆերմերներն պատրաստվում են արտագաղթի ճանապարհը բռնել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս