loader
Գազը «մորթ» է անում. ֆերմերները հրաժարվում են լոլիկ մշակել

Գազը «մորթ» է անում. ֆերմերները հրաժարվում են լոլիկ մշակել

Ֆերմերները չեն պատրաստվում այս տարի ջերմոցներում լոլիկ մշակել: Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչ Արմեն Հարությունյանը չի պատրաստվում լոլիկ աճեցնել: Այս տարի նա որոշել է, որ ջերմատներում միայն վարունգ է մշակելու: Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց, որ լոլիկն ավելի ծախստար է, գումար պետք է ներդնես և 3 ամիս բերքին սպասես, իսկ վարունգը երկար սպասեցնել չի տալիս: Կարճ ժամանակում ֆերմերն արդեն բերքը շուկա է հանում:

«Ջերմոցները հիմնականում այս սեզոնին վարունգի տակ կաշխատացնենք: Լոլիկ մշակելու համար մոտ երեք ամիս առանց փող աշխատելու մեջ ներդրում ես անում: Վարունգը մի քիչ էժան է վաճառվում լոլիկից, բայց համեմատած շուտ ենք սկսում վաճառել: 50 օր սպասում ենք ու վարունգն արդեն պատրաստ է վաճառքի»,- ներկայացրեց ֆերմերը:

Գյուղացիների մի մասի խոսքով էլ գազի սակագինը թանկ է, ինչի հետևանքով ջերմոց մշակելը ձեռնտու չէ:

«Գազը «մորթ» է անում, գազի գինը սպանում է ջերմոցներին: Մինչև դեկտեմբեր 139 դրամ ենք վճարում մեկ խորանարդ մետրի դիմաց: Դեկտեմբերից 103 դրամ է դառնում, բայց հոկտեմբերից ենք վառում, հեչ ձեռք չի տալիս: Մի երկու օր հենց փողն ուշացնում ես, արդեն 117 դրամ ես վճարում»,- ասաց ֆերմեր Արմինե Գևորգյանը:

Տարին լոլիկ մշակողները վնասով են ամփոփում: Ասում են՝ հենց դա է պատճառը, որ շատերը հիասթափվել են և լոլիկ չեն ուզում մշակել: Տիկին Արմինեի խոսքով՝ մայիս-հունիս ամիսներին լոլիկի կիլոգրամը 30-50 դրամով է վաճառել: Գարնանը բերքի գինն ընկել էր, քանի որ թուրքական լոլիկ էր Հայաստան ներմուծվել:

«Մաքստանը ծանոթ մարդ ունեմ, ասել է, որ «Սպայկա» ընկերության ֆուռը լոլիկ բարձրած գնացել է Ռուսաստան և այնտեղից թուրքական լոլիկները լցրել հայկական արկղերի մեջ և բերել, դրա համար էլ բերքի գինն ընկավ»,- պատմեց Արմեն Հարությունյանը:

Թուրքական լոլիկը ոչ միայն գյուղացու գրպանին հարվածեց, այլ նաև լոլիկի արտադրությանը: Ներկրված բերքի միջոցով ցեցը տարածվեց մեր երկրում, որի հետևանքով էլ նաև այս տարի լոլիկի արտադրության ծավալները կրճատվեցին:

«Ցեցը գցեին մեր երկիր ու հիմա չեն կարողանում դեմն առնել: Այս տարի լոլիկ չկար հենց ցեցի պատճառով: Մարդիկ չեն կարողանում դեղ առնել: Ցեցի համար նախատեսված դեղի 100 գրամը 20.000-26.000 դրամ է: Ո՞նց դեղ առնեն»,- նշեց ֆերմեր Գևորգյանը:

Ցեցի դեմ պայքարում պարտված և գնից հիասթափված հողագործն օգոստոսին քանդեց ջերմոցները: Հետո լոլիկի գինը կտրուկ բարձրացավ՝ հասնելով 500-700 դրամի: Ջերմոցներում լոլիկ չկար, շուկայում դաշտում աճեցվածն էր:

Այսօր էլ «Մեհմանդար» շուկայում լոլիկի մեծածախ գինը 500 դրամ է կազմում: Ֆերմեր Արմինե Գևորգյանն ապշում է, որ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է զարմացրել լոլիկի բարձր գինը:

«450-500 դրամը լոլիկի ինքնարժեքն է: Ծախսը շատ է»,- նկատեց նա:

Բացի այս, լոլիկի մշակությամբ զբաղվողները նշում են, որ այդ գներով իրենք այս տարի լոլիկ չեն վաճառել: Վերավաճառողների «թեթև» ձեռքով է գնաճ գրանցվել:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս