loader
Գյուղացիներն առանց բերք են մնացել

Գյուղացիներն առանց բերք են մնացել

Երեկ մոտ 10-15 րոպե տեղացած կարկուտն Արմավիրում ավերածություններ է գործել: Երկնքից թափված խոշոր սառցե գնդիկները ծառերին միրգ, իսկ բույսերի վրա պտուղ չեն թողել: Ամբերդում վնասի չափը 100 տոկոս է կազմում:

«Ծիրան, սալոր, խնձոր ծառին չի մնացել: Բույսեր էլ կան՝ մնացել է մենակ ցողունը, բերքի մասին էլ ի՞նչ խոսենք»,- Հայաստան 24-ի հետ զրույցում դժգոհեցին Ամբերդ համայնքի բնակիչները:

Սա առաջին դեպքը չէ, երբ ամբերդցին զրկվում է ապրուստի միջոցից: 3 տարի շարունակ այստեղ աչք չեն բացում տեղումների պատճառով: Բանկերի պարտքերն էլ հենց կարկուտի պատճառով է գոյանում: Բերք չեն կարողանում ստանալ և այն վաճառել:

«Մնացել ենք շվարած կանգնած: Չգիտենք՝ այսքան վարկ ու պարտքի տակից ո՞նց ենք դուրս գալու: Տուն չկա, որ վարկ չունենա: «Դաժե» խանութներում պարարտանյութի ու բուժանյութի գումար ենք պարտք: Պայմանավորվել ենք՝ բերքը ծախենք, տանենք փակենք, այն էլ սենց ստացվեց»,- վրդովվեցին հողագործները:

Կարկուտից հետո նորանշանակ մարզպետը եկել և վնասի չափն իր աչքերով է տեսել: Տեղերում ստեղծել է հանձնաժողովներ, որպեսզի գնահատեն վնասի չափը և այն ներկայացնեն կառավարություն: Նախորդ ամիս կարկուտը ևս չէր շրջանցել այս մարզը: Գրեթե, յուրաքանչյուր տարի կարկտահարությունը մեծ վնասներ է հասցնում Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Տարիներ շարունակ տեղադրում են հակակարկտային կայանքներ, դրանց սպասարկման համար զգալի միջոցներ ծախսում, սակայն ապարդյուն:

 Կարկուտը 100 տոկոսով վնասել է նաև Գետաշեն համայնքի ծիրանենին, դեղձենին, սալորենին և բանջարբոստանային ցանքատարածությունները:

Մեծ քանակությամբ կարկուտ է եկել նաև Շիրակի մարզում: Գյումրի-Բավրա ճանապարհի Թորոսգյուղ, Փոքրաշեն, Քեթի բնակավայրերում երեկ տեղացած հորդառատ անձրևի ու ուժեղ կարկտահարության հետևանքով դժվարանցանելի էր դարձել նույնիսկ ճանապարհների երթևեկությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս