loader
Հարությունյան. Իրանից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ

Հարությունյան. Իրանից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ

«Ներկա պահին  Իրանը մեզ ավելի մատչելի գնով գազ չի առաջարկում», - այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, ըստ որի, պատրաստ են հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը, և այս հարցը քննարկվում է:

Հայկ Հարությունյանը հայտնեց, որ անցած տարի Իրանից ներմուծել ենք 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ, իսկ Ռուսաստանից՝ մեկ միլիարդ 996 միլիոն:

«Յոթ տոկոս աճ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, 2,9 տոկոս աճ ունենք՝ Իրանից»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ Իրանի հետ աշխատանքները շարունակվում են և նախատեսում են ծավալների ավելացում գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես:

«Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ: Երբ ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք: Այնպես չէ, որ մշտապես այդ հարցը մեր օրակարգում չէ, Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գազ ձեռք բերելու, քաղաքական խնդիր չկա»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս