loader
Հարությունյան. Ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք

Հարությունյան. Ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք

Կառավարությունն այսօր հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը:

Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև՝ նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար:

Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

«Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանք է նախատեսված, որի հիմնականը՝ 9,5 միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է, և քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը Հայաստանի հետ միասին բանակցություններ է վարում իրանական կողմի հետ:

Լրագրողների այն դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է և նրանք համաձայնություն չեն տալիս, Արսեն Հարւթյունյանը վստահեցրեց, որ վրիպակ է եղել:

«Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք», - ասաց նա՝ նշելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է և իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի Հայաստանի կողմը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս