loader
Հիմա մի քիչ «տուպիկի» մեջ ենք. համայնքապետ. լուսանկարներ

Հիմա մի քիչ «տուպիկի» մեջ ենք. համայնքապետ. լուսանկարներ

Խոշորացումից 2 տարի անց էլ Լոռու մարզի Շնող համայնքի կազմի մեջ ընդգրկված Թեղուտ բնակավայրի գլխավոր խնդիրը մնում է չլուծված: Այստեղ գազ չկա, ինչը դժվարացնում է համայնքի բնակիչների՝ առանց այն էլ ծանր կյանքը: Համայնքի վարչական ղեկավար Ֆրունզե Նորիկյանի խոսքով՝ վառելիքի հարցն իրենց ամենացավոտ կողմն է, որը դեռ լուծել չի հաջողվում: Իրենց բյուջեով նման ճոխություն թույլ չեն կարող տալ:

«Պետք է 1 տարուց ավել բյուջեն տանք, որ խնդիրը լուծվի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց նա:

Համայնքի վարչական տարածքում գործող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ցանկություն է եղել ներդրումների միջոցով գազաֆիկացում կատարել: Շնող համայնքի վարչական ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասաց, որ այն, ցավոք սրտի, իրականություն չի դարձել: Չլուծված հարցն այստեղ բնապահպանական խնդիրներ է նաև առաջ բերում: Վառելիք հայթայթելու համար բնակիչները ստիպված են օրինական և անօրինական ճանապարհով հարակից անտառից ծառեր հատել:

«Ես համոզված եմ, որ եթե ջեռուցումը լինի գազով, օրինական ճանապարհով էլ ծառեր չեն հատի: Օրինակ՝ Շնողում կան ընտանիքներ, որոնք իրենց տները գազով են տաքացնում և փայտի խնդիր չեն ունենում»,- նկատեց Դավիթ Ղումաշյանը:

Իսկ Շնողում 85 տոկոսը գազ է օգտագործում: Կապույտ վառելիք ունենալու պահանջով դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, վերջինս էլ ուղղորդել է դիմել «Գազպրոմ Արմենիա»-ին: Ընկերությունը հաշվարկել և հայտարարել է, որ այստեղ գազ անցկացնելն իրենց ձեռք չի տալիս:

«Գազաֆիկացումն արժե 200-220 մլն դրամ: Տարիների ընթացքում իրանց հետգնումը օգուտ չէ, բայց ինձ համար մի քիչ հասկանալի չէ այս մոտեցումը: Բացի օգուտից, մի քիչ նաև բնակիչների հարմարավետության մասին է պետք մտածել»,- կարևորեց պաշտոնյան:

Պետությունը, սակայն, փորձել է վառելիքի հարցով համայնքի բնակիչների կողքին լինել: Թեղուտն անտառային հարակից գոտում է հաշվառված: Ամեն ընտանիքի յուրանքանչյուր տարի 8 խորանարդ մետր վառելափայտ են հատկացնում: Գյուղացիների պնդմամբ, սակայն, այն քիչ է և չի բավականացնում:

«Չեկ են դուրս գրում և տալիս: Մարդկանց չի հերիքում, ով ոնց կարողանում է՝ ստիպված անտառից փայտ է բերում»,- ասաց թեղուտցի կինը:

Այս օրերին գյուղում յուրաքանչյուրի բակում փայտ է կուտակված: Նոր կտրած ծառերը դեռ թաց են, այն հիմա օգտագործում են կենցաղային հարցերում: Տիկնոջ խոսքով, երբ «Թեղուտն» աշխատում էր, գյուղացիների ձեռքին գումար կար, փայտը գնում էին, և ոչ թե ծածուկ անտառ էին մտնում:

Առավել ծանր է Շնողի կազմի մեջ մտնող Քարկոփ բնակավայրի վիճակը: Այն, ի տարբերություն Թեղուտի, անտառամերձ գոտում ներառված չէ և զրկված է անվճար տրամադրվող ծառերի թափուկներից:

«Գազաֆիկացման համար, ցավոք, բյուջե չունենք, բայց պատրաստ ենք և՛ ներդրումներ փորձել կանչել, և՛ մենք թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական միջոցներ տրամադրել, ուղղակի հիմա մի քիչ «տուպիկի» մեջ ենք»,- ընդգծեց Դավիթ Ղումաշյանը:

Գյուղացիները լիահույս են, որ հեղափոխությունը գազի տեսքով Թեղուտ ու Քարկոփ կհասնի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս