loader
 Հողերի մի մասը չի մշակվել. Գետքի բնակիչ

Հողերի մի մասը չի մշակվել. Գետքի բնակիչ

Շիրակի մարզի Գետք համայնքում տարին տնտեսական աճով չեն ամփոփում: Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Հովհաննես Մխիթարյանը: Նա երեք պատճառ է մատնանշում, որոնց հետևանքով եկամուտներ համայնքում չեն գրանցվել: Գետքում զարգացած է կարտոֆիլագործությունը, բայց այս տարվա ցուցանիշներից գյուղացիները գոհ չեն: Եղանակային անբարենպաստ պայմանները նրանց զրկել է լավ և առատ բերքից: Հեկտարից 20-25 տոննա կարտոֆիլ են հավաքել:

«Կարտոֆիլի բերքը շատ վատ էր, մայիս ամսին խոնավությունից ժանտախտի նման հիվանդություն էր կպել: Դեղորայքի արժեքը մեկ կիլոգրամը 40.000-42.000 դրամ էր կազմում: Մարդկանց մի մասը կարողացավ կարտոֆիլը սրսկել, այդ վարակը կանգնավ: Մի մասն էլ գումար չուներ և չկարողացավ, արդյունքում բերքը փչացավ: Ամռան ընթացքում էլ չորային էր, էլի բերքատվության վրա ազդեց: Մեկ հեկտարից բերքը 20-23 տոննա կազմեց, որն իր ինքնարժեքն էլ չփակեց»,- ներկայացրեց Գետքի բնակիչները:

Թեև, տարին հաջող էր հացահատիկի համար, բայց էժան գների պատճառով նախորդ տարիների նման շահույթ չեն ստացել: Հեկտարից մինչև 40 ցենտներ ցորեն և 30 ցենտներ էլ գարի են ստացել: Կիլոգրամը 100-110 դրամով են հացահատիկն իրացնում, գրեթե այնքան, որքան կարտոֆիլն են վաճառում:

«Բերքը կիլոգրամը 100-120 դրամ ենք վաճառում: Կարտոֆիլն էլ ցորենի և գարու պես է՝ արժեք չունի: Ինքնարժեքի հաշվարկով ընդհանրապես եկամուտ չկար»,- սրտնեղեցին տեղացիները:

Կաղամբից էլ օգուտ չեն ստացել: Կաղամբը 50 դրամ են վաճառել, իսկ ծաղկակաղամբն էլ գնորդ չի ունեցել: Շատերի բերքը փչացել է: Տնամերձ հողամասերը տուժել են նաև ջրի խնդրի պատճառով:

«Ազատան համայնքից եկող ջրի որակը վատ է, ինֆեկցիաներ կան, մարդկանց բերքը նաև դրանից է փչացել: Այդ ջրի մեջ են լցվում կոյուղաջրերը՝ սև կեղտանման ինչ-որ բաներ են գալիս»,- դժգոհեցին Գետքի բնակիչները:

Խնդիրը մարզի իշխանությունները գիտեն, բայց հուսադրող պատասխան բնակիչներին չեն հայտնել: Գետքում այս տարի հողերի մի մասը չեն մշակվել ոչ միայն ջրի պատճառով: Գյուղացիները ֆինանսական միջոցներ չեն ունեցել վարուցանք անելու համար:

«Փող չունեին, որ դիզվառելիք առնեին: Նույնիսկ ծրագրով Կառավարությունը 1600 դրամանոց դիզվառելիքից էր տվել 4 տոննա, մարդիկ չվերցրեցին: Փող ունեցող չեղավ, որ վերցնեին»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

Այստեղ գյուղատնտեսությունից բացի, մարդկանց ապրուստի միջոցը գոյանում է արտագնա աշխատանքից ստացված գումարով: Խոպանչիների մի մասն արդեն վերադարձել է, բայց դատարկ գրպաններով: Ռուսաստանի Դաշնության գործատուն խոստացել է գումարները հետո ուղարկել:

«Մի մասն էլ ամսական աշխատածն ուղարկել է գյուղ, որ տնեցիներն ապրեն, վարկեր ու պարտքեր տան»,- ասացին գյուղացիները:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս