loader
Կարկուտն ու քամին ավերածություններ են գործել Ախուրյանում

Կարկուտն ու քամին ավերածություններ են գործել Ախուրյանում

Կեսգիշերին տեղացած կարկուտն ու քամին վնասներ են հասցրել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերին: Ախուրյանում տուժել են բանջարբոստանային մշակաբույսերի դաշտերը: Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտի պատճառով 400 հեկտար ցանքատարածություն է վնասվել:

«Մոտ 300 հեկտարը կարտոֆիլի ցանքեր են: Ունենք նաև սեղանի ճակնդեղ, գազար, կաղամբ, որոնք նույնպես վնասվել են, բարեբախտաբար, հացահատիկի հունձն արդեն ավարտել ենք»,- ներկայացրեց նա:

Համայնքապետարանի կազմած հանձնաժողովը գրանցում է վնասները, կներկայացվի Շիրակի մարզպետարան:

«Կարկուտից հիմնականում հարավ-արևմտյան հատվածն է տուժել: Տեղեր կան, որոնք այդքան շատ վնասներ չեն կրել: Տեղեր էլ կան, որտեղ ճակնդեղն ամբողջությամբ վնասվել է: Զգալի վնասներ են կրել»,- ներկայացրեց նա:

Կարկուտին հաջորդել է ուժեղ քամին, այն տանիքներ է քշել: Մհեր Մկրտչյան փողոցի տան տանիքներից մեկի վրա է ընկել հարևանությամբ գտնվող մետաղական էլեկտրասյունը: Արդյունքում վնասվել է տան առաստաղը:

«Մետաղական էլեկտրասյունը ծակել է առաստաղը: Այդ տունը բավականին վնասներ է կրել: «Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներն ասել են, որ փոխհատուցում կտրվի: Էլեկտրասյուններ ու լարեր էլ են վնասվել»,- ասաց նա:

Առայժմ հոսանքազրկված տների լույսը չի վերկանգնվել՝ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս