loader
Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի. կառավարության ծրագիրը

Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի. կառավարության ծրագիրը

 Նոր կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր տեղ ունի: Կառավարությունը համոզված է՝ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և վերջիններիս վերացմանը միտված գործողությունների իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։

Ըստ ծրագրի՝ ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման: Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։

Ընդ որում՝ կառավարությունը պլանավորում է, որ պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը: Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս