loader
Լավ կլիներ՝ անակնկալ այցերի արժանանային այն ձեռնարկությունները, որտեղ արգելված է եղել հարկայինի մուտքը. Նաիրա Զոհրաբյան

Լավ կլիներ՝ անակնկալ այցերի արժանանային այն ձեռնարկությունները, որտեղ արգելված է եղել հարկայինի մուտքը. Նաիրա Զոհրաբյան

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ երեկ գիշեր ՊԵԿ տեսուչներն անակնկալ մտել են «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ և ստուգումներ անցկացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ գազալցակայաններն իրենց ուշադրության կենտրոնում են, նաև գիշերային ստուգումներ են անում, բայց հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Հանրապետության տարածքում թվով 70 գազալցակայան է ստուգվել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են եղել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ գազալցակայաններում, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Նա ստուգումներին նորմալ է վերաբերվում:

«Պարոն Ծառուկյանն ասել է, որ որևէ խնդիր չունի, ցանկացած ձեռնարկություն կարող են ստուգել: Ծառուկյանն ինքն էր հորդորել նախարարներին, որոնց ենթակայության տակ գտնվող գործառույթներն այս կամ այն ձև կարող են առնչվել իրեն պատկանող ձեռնարկություններին, ստուգումներ սկսել հենց այդ ձեռնարկություններից: Ուստի՝ մենք որևէ անհանգստություն չունենք: Ով ուզում է ստուգումներ իրականացնի՝ լինի ՊԵԿ-ը, թե մեկ այլ կառույց, կարող են հանգիստ իրենց ստուգումները կատարել»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը՝ հորդորելով քաղաքական ենթատեքստեր չփնտրել:

Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ ձեռնարկություններում ևս ստուգումներ իրականացվում են՝ առանց տնտեսվարողին նախօրոք զգուշացնելու: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ անակնկալ կերպով ստուգումներից ոչ մի ձեռնարկություն չպետք է դուրս մնա:

«Լավ կլիներ, որ նման անակնկալ ձևով ստուգվեին նաև այն գործարարների ձեռնարկությունները, որտեղ տարիներով հարկայինի «հավքն» իր թևով մուտք չէր գործել: Հույս ունենանք, որ նման անակնկալ այցերի կարժանանան այն ձեռնարկությունները, որտեղ արգելված է եղել հարկային ստուգող մարմինների մուտքը»,- եզրափակեց պատգամավորը:

 Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս