loader
Մենք նվազեցնում ենք ծխախոտ օգտագործելու գրավչությունը, որն ինչ-որ առումով կարող է նպաստել հանրային առողջապահության վրա ծախսվող գումարների ավելացմանը. պատգամավոր

Մենք նվազեցնում ենք ծխախոտ օգտագործելու գրավչությունը, որն ինչ-որ առումով կարող է նպաստել հանրային առողջապահության վրա ծախսվող գումարների ավելացմանը. պատգամավոր

Հարկային օրենսգրքում նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես, ծխախոտի գնի հավանական թանկացման շուրջ Հայաստան 24-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` ծխախոտի գների բարձրացման հետ կապված առաջարկը, որով նա հավաստիացնում է՝ ծխախոտի գնի 45 տոկոս բարձրացումը կկանխարգելի ծխելով պայմանավորված մոտ 88 հազար վաղաժամ մահ: Նախարարի կողմից արված հայտարարությունը հատկապես մեծ դժգոհություն է առաջացրել ծխողների շրջանում, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս խնդրի առնչությամբ:

- Նախ և առաջ ասեմ, որ եթե մենք խոսում ենք որոշակիորեն «այքոս», այսպես ասած, ծխախոտների վրա հավելյալ հարկային բեռի մասին, սա, կարծում եմ՝ դրական նախաձեռնություն է, որպեսզի մենք փորձենք համեմատաբար բալանսը պահել: Այլ հարց է՝ ի՞նչ տեմպով, ի՞նչ ազդեցությամբ և դրա արդյունքում որքա՞ն էֆեկտ կունենա հանրային առողջության պահպանման աճը: Այս մասով գնահատականները կարող են շատ տարբեր լինել:

- Ինչո՞ւ

- Տնտեսագիտության մեջ կա այսպիսի հասկացություն` էլաստիկություն, և այստեղ շատ կարևոր է նաև պահպանել այդ էլաստիկությունը: Այսինքն, երբ մենք մի բանի գինը բարձրացնում ենք, հասկանալի է, որ դա ուղղակիորեն բերելու է գների թանկացման, այդ թվում՝ նաև «այքոսի»: Իսկ թե դրա արդյունքում սպառումը որքա՞ն կնվազի և, ըստ այդմ, որքա՞ն կնվազեն բյուջեի մուտքերը և քանի՞ մարդ կդադարի դրանից օգտվել, դժվար է ասել: Այս մասով գնահատականները կարող են շատ տարբերվել, և կրկնում եմ՝ պետք է որոշել այդ մասով էլաստիկությունը և գնահատել: Բայց, ընդհանուր առմամբ, եթե մենք ուսումնասիրում ենք ավելի զարգացած երկրների փորձը, տեսնում ենք, որ մեծ հաշվով ակցիզային հարկի միջոցով վնասակար ապրանքախմբերը կամ պերճանքի առարկաները որոշակիորեն փորձում են թանկացնել և փորձում են ինչ-որ առումով նաև եկամուտների բաշխում կատարել: Այսինքն, եթե դու, օրինակ՝ ցանկանում ես ծխել և դրա համար պատրաստ ես ավելի մեծ գին վճարել, ըստ էության, նաև հարկային մուտքերի տեսանկյունից է փորձ կատարվում վերաբաշխել և ուղղել: Եվ դրանով է պայմանավորված  ակցիզի տրամաբանությունը, երբ դու փորձում ես կամ բացասական վարքագծի վրա ներազդել, կամ պերճանքի առարկաների: Մի դեպքում եկամուտների վերաբաշխում ունենալ, մյուս դեպքում նպաստել, որպեսզի հասարակաության մեջ այդ բացասական վարքագիծը նվազի:

Պարոն Մանուկյան, ըստ Ձեզ, Հայաստանում ծխախոտը կարելի՞ է համարել պերճանքի առարկա:

- Ոչ, այս դեպքում ծխախոտը դիտվում է ոչ թե պերճանքի առարկա, այլ հանրային առողջության տեսանկյունից վտանգավորություն ենթադրող ապրանքատեսակ: Մենք նվազեցնում ենք ծխախոտ օգտագործելու գրավչությունը, որն ինչ-որ առումով կարող է նպաստել հանրային առողջապահության վրա ծախսվող գումարների ավելացմանը: Հարկային օրենսգրքի փաթեթի քննարկման ժամանակ շատ ավելի հիմնավոր վերլուծություններ կլինեն:

Որպես տնտեսագետ՝ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը մյուս ոլորտների համար Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին:

- Անկեղծ ասեմ՝ շատ եմ լսում քննադատություններ` ուղղված Հարկային օրենսգրքի փաթեթին՝ հատկապես սոցիալական արդարության կոմպոնենտի որոշակի նվազման արտահայտիչ լինելու առումով, բայց պետք է նշեմ, որ աշխարհում ընդհանրապես նման կարգի որոշումները համարվում են դիլեմա: Մի կողմից դու պետք է ապահովես արդարությունը, մյուս կողմից` արդյունավետությունը: Եվ շատ հասարակարգերում մինչև այսօր նույնիսկ գիտական մակարդակով չկա բացարձակ ճշմարտություն: Այսինքն՝ սա նաև քաղաքական որոշման արդյունք է, մի կողմից դու խրախուսում ես արդյունավետ աշխատողին, որ նա ավելի մոտիվացված լինի աշխատելու, մյուս կողմից ասում, որ նաև արդարության գործոնը պետք է լինի: Սրանք հարցեր են, որոնք հավասարապես կենսունակ են:

Հարկային օրենսգրքի փաթեթի քննարկումը, կարծում եմ՝ չափազանց կարևոր մեսիջ է առաջնային բիզնեսի համար, որովհետև ոչ ոք չի խոսում այն մասին, որ հինգ տարվա հեռանկարում եկամտային հարկի դրույքաչափը և ինչու չէ` շահութահարկը դառնալու է 20 տոկոս: Այսինքն՝ խոսում են միայն այս պահի, այլ ոչ թե երկարաժամկետ վեկտորի մասին, և այն մասին, որ Հայաստանում այս առումով սոցիալական վերաբաշխման խնդիր կա և այն ավելի ցցուն է արտահայտված, քանի որ առկա են լրջագույն խնդիրներ:

Այդ գործոնները հաշվի առնվելո՞ւ են հեռահար ծրագրեր մշակելիս:

- Իհարկե, այս խնդիրները կարելի է կարգավորել գույքահարկի միջոցով: Ներկայումս առկա են բազաներ, երբ պալատների դիմաց վճարվող գումարները հավասար են գյուղացու փոքր շինության դիմաց վճարվող գումարին: Եթե մենք կարողանանք բազաները շտկելու ճանապարհին հարկման տարբերակված մոտեցումներ իրականացնել, սրանով նաև հնարավորություն կընձեռենք վերականգնելու սոցիալական արդարության սկզբունքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս