loader
Միանգամից մեծամասշտաբ գործազրկություն չի լինելու. Վարազդատ Կարապետյան

Միանգամից մեծամասշտաբ գործազրկություն չի լինելու. Վարազդատ Կարապետյան

Հայաստան 24-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, կառավարության կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված՝ 17 նախարարությունները վերակազմավորվելու են 12 նախարարությունների: Այս առնչությամբ մեծ դժգոհություն է առաջացել օպտիմալացվող նախարարությունների աշխատակիցների մոտ: Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ Ձեզ չի՞ մտահոգում մոտ ապագայում գործազուրկների թվի աճը:

- Մեծամասշտաբ գործազրկությունը նախ միանգամից չի լինելու, որոշակի ժամանակահատվածում մարդիկ տեղեկացվելու են և ունենալու են, մոտավորապես, վեց ամիս ժամանակ այլ որոշում կայացնելու և այլ տեղում աշխատելու համար: Կոնկրետ կառուցվածքի մասով մենք դեռևս Ազգային ժողովում քննարկում չենք ունեցել, ես կարծում եմ, որ շտկումների կարիք կա: Ընդհանուր առմամբ՝ նաև կողմ եմ, որ, այո, պետք է կրճատումներ լինեն և պետք է մեր կառավարման արդյունավետությունը բարձրանա, իսկ դետալների մասով դեռ պետք է քննարկումներ լինեն:

- Այդուհանդերձ, գործազուրկների թվի աճ է սպասվում, դրանով պայմանավորված մարդկանց սոցիալական վիճակի վատացում, ուրիշ ի՞նչ քայլեր է առաջարկում կառավարությունը խնդիրներից խուսափելու համար:

- Երբ որ մենք ասում ենք ժողովրդի սոցիալական վիճակ, նկատի ունենք, որ հենց նույն ժողովուրդն է պահում այն 10 հազարին, ովքեր իրական ծառայություն էդ ժողովրդին չեն մատուցում: Այսինքն՝ մենք այդ սոցիալական հարցը դնելով պետք է մտածենք այն բոլորի մասին, որոնք հարկեր են տալիս մեր երկրին, որովհետև դա նշանակում է հարկերի անարդյունավետ ծախս: Այսինքն՝ սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ մեր սոցիալական քաղաքականությունն ունենք: Աշխատանքի հետ կապված ունենք զբաղվածության քաղաքականություն, բայց երբեք չպետք է ունենանք անարդյունավետ աշխատատեղ պետական համակարգում:

- Իսկ արդյունավետ համարո՞ւմ եք Գյուղատնտեսության նախարարության միավորումը Էկոնոմիկայի նախարարության հետ: Որքանո՞վ է դա իրատեսական: 

- Սա հենց այն հարցերից մեկն է, որ մենք պատրաստվում ենք քննարկել կառավարության հետ: Այլ կարծիքներ ևս կան Ազգային ժողովում այս հարցի վերաբերյալ: Մենք կքննարկենք, կփորձենք կառավարության հիմնավորումը լսել և նոր որոշում կայացնել: Ցավոք սրտի, Գյուղատնտեսության նախարարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում իր գործառույթները կրճատելով հասցրեց նրան, որ հիմա զբաղված է մի քանի ուղղությամբ` վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ: Այսօր այն ավելի շատ դարձել է ֆինանսական աջակցություն ցույց տվող կառույց: Մենք գյուղատնտեսությանը պետք է նայենք որպես ամբողջական ինդուստրիայի ճյուղ և ամբողջական աջակցության գործիքակազմ տանք: Ինչքան էլ որ տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերվում ենք ավելի ազատական և ասում ենք, որ այդ ճյուղն ինքն իրեն կարող է զարգանալ, գյուղատնտեսությունը այդ ճյուղը չէ:

Հայաստանում գյուղատնտեսության մեջ սկսած մատակարարումներից, ջրի ռեսուրսներից, սերմացուից, պարարտանյութից, մինչև իրացման ոլորտ մենք պետք է աջակցելու հնարավորություններ ստեղծենք և պետությունը ազդեցիկ դերակատար պետք է լինի այս ճյուղում: Դա կլինի որպես առանձին նախարարություն, թե՞ կլինի էկոնոմիկայի նախարարության մեջ, այդուհանդերձ, գյուղատնտեսության քաղաքականությունն էապես վերափոխվելու և բարելավվելու կարիք ունի:

- Հայաստանը համարվում է գյուղատնտեսական երկիր: Հնարավոր չէ՞ր Ձեր թվարկած գործառույթները կատարել, այնուամենայնիվ, պահելով Գյուղատնտեսության նախարարությունը:

- Խնդիրը նախարարությունը չէ, խնդիրը քաղաքականությունն է: Քաղաքականությունը կմշակվի առանձին, թե՞ Էկոնոմիկայի նախարարության կազմում, դա հարցի մի կողմն է և ոչ կարևոր կողմը: Ավելի կարևոր է, թե ի՞նչ քաղաքականություն ունենք գյուղատնտեսության պետական աջակցման հարցում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս