loader
Միջնորդը մեկ կիլոգրամ ծիրանի մեջ 10-20 դրամ ավել է աշխատում. գյուղացիները դժգոհ են մթերումից

Միջնորդը մեկ կիլոգրամ ծիրանի մեջ 10-20 դրամ ավել է աշխատում. գյուղացիները դժգոհ են մթերումից

Վերամշակող ընկերությունները երեկվանից սկսել են այգեգործներից ծիրան գնել: Ծիրանի մթերման մեկնարկի մասին ազդարարող հաղորդագրության մեջ, սակայն, գների մասին ոչինչ չի նշվում: Մեծածավալ մթերում իրականացնող գործարաններից «Արտաշատի պահածոների գործարանն» այս տարի արևահամ ծիրանը կիլոգրամը 75 դրամով է ընդունում, բայց այս գնով չէ, որ ծիրանն այգուց մթերման կետ է հասնում: Միջնորդն է այն գործարանին տանում, իսկ գյուղացուց ծիրան 40 դրամով են վերցնում:

Գյուղացիների մի մասը միջնորդի ծառայությունից չի օգտվում, փոխադրամիջոց չունեցողն է  բերքը չփչանալու համար առաջին գնորդին  տալիս:

«Մեկն, օրինակ՝ 50 կիլո ծիրան ունի, հո դրա համար ավտո չի՞ վերցնի, տանի գործարանին հասցնի, իր վրա ծախսն ավելի շատ կնստի: Մի 300 արկղ են բերում, բաժանում, ով ինչքան ծիրան ունի, տալիս է: Եթե անհատական տանեն, ձեռնտու չի լինի, դրա համար են տալիս»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ներկայացրեց Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչ Գեղամ Ղազարյանը:

Միջնորդը մեկ կիլոգրամ ծիրանի մեջ 10-20 դրամ ավել է աշխատում, քան արտադրողը: Գինը գյուղացին չնչին է համարում ներդրումների համեմատ: Առանց փողի ծիրան ծառից չեն հավաքում՝ ոռոգման ջրի, պարարտանյութի և բուժանյութի գումար են վճարում:

«Կարևորը ծիրանը չի փչանում, վաճառվում է: Այս տարբերակով աշխատելու դեպքում մենք մեր ներդրումների համեմատ 40 տոկոս կորուստ ենք ունենում»,- հաշվարկեց այգեգործը:

«Եվրոթերմ» ընկերության Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետը ևս հայտարարել է, որ ծիրան է ընդունում: Մարզի բնակիչների խոսքով, սակայն, ընկերության դռները դեռ  իրենց առջև բաց չեն: Ընկերությունն առաջինն իր այգիների ծիրանն է վերամշակում: Վանանդ գյուղում այս պահին մթերման ենթակա ծիրան չկա: Այստեղից ծիրանն ուղևորվում է Ռուսաստանի Դաշնություն և հարևան Վրաստան: ՌԴ տանելու նպատակով «Սպայկա» ընկերությունն ու անհատ ձեռներեցները կիլոգրամը 300 դրամով են ծիրան գնում, վրացիները՝ 200: Չնայած գնային տարբերությանը՝ գյուղացիները հայ-վրացական առևտրից են գոհ:

«Վրացին 250-ով է տանում, բայց տենց ավելի է մեզ ձեռք տալիս, որովհետև չի ջոկում, մենակ փչացածն ու ծտի կերածն է հանում ու մնացածը տանում, իսկ ՌԴ մենակ ամենաընտիր ծիրանն են տանում»,- նշեց Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը:

Արարատ համայնքում գործող «Աբրիկոն» ՍՊԸ-ն ծիրանի մթերման արժեքը 100 դրամ է գնահատել: Ընկերությունից վստահեցրեցին, որ անմիջապես արտադրողից գնում են՝ առանց միջնորդի:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս