loader
«Նաիրիտ»-ի թավշյա  աճուրդը կմաքրի  բոլոր  հետքերը

«Նաիրիտ»-ի թավշյա աճուրդը կմաքրի բոլոր հետքերը

«Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանի` «Նաիրիտի» արտադրական ունեցվածքը վաճառքի է հանվել»-տեղեկացնում է Sputnik Արմենիան(25.06.2019թ): Լրատվամիջոցը  նաև   տեղեկացնում է, որ  պետական եկամուտների կոմիտեից իրենց հայտնել են, որ Հայաստանի կառավարությունում «Նաիրիտ» գործարանի պարտքը ներելու հնարավորությունը չի քննարկվել:

Փորձենք հասկանալ հեղափոխական կառավարությանը, որի ղեկավարը հայտարարում տնտեսական հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին  և չի քննարկում «Նաիրիտ Գործարան»-ի պարտքը ներելու հնարավորությունը: «Հրաշալի է»:  

Բայց, կոռուպցիայի դեմ պայքարող կառավարությունը չի էլ ցանկանում քննարկել, թե պարտքերը ո՞նց են գոյացել:  Եթե կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներն իմանային , թե «Նաիրիտ Գործարան»-ում արտադրվող քլորոպրենային կաուչուկի (քլորոպրենային կաուչուկի ֆիրմային անունն է Նաիրիտ) դերն ու նշանակություը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դժվար թե իրենց հետաքրքիր չլիներ, թե պարտքերը ոնց են գոյացել: Թե ո՞նց են գոյացել պարտքերը և որքանով է արդյունավետ ծախսվել վարկերը կառավարության տնտեսական բլոկի անչափ հարգելի պատասխանատուները  պիտի իրենց նեղություն տան և թերթեն 2013թ-ի Hetq. am-ը:  

Հետաքննող  լրագրողները  հսկայածավալ աշխատանք են կատարել ու բացահայտել չարաշահումների ամբողջ մեխանիզմը: Ի դեպ, նույն ճակատագրին   է  արժանացել նաև «Վանաձորի Քիմպրոմ»-ը: Դարձյալ նույն ձեռագիրն է: Դարձյալ Hetq. am-ի լրագրողները  պարզել են չարաշահումները: Հուսանք, որ կառավարությանը հետաքրքիր կլինի նաև պարտքերի առաջացման պատճառները:   

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացման ամենաառաջատար ճյուղը եղել է քիմիական արդյունաբերությունը: Աշխարհի հինգ երկրներում է արտադրվում քլորոպրենային կաուչուկ: Իսկ «Նաիրիտ Գործարան»-ում քլորոպրենային կաուչուկ ստացվում է երկու եղանակով: Առաջին՝ մոնովինիլացետիլենի  հիդրոքլորացման ճանապարհով, երկրորդ՝ բութադիենի քլորացման: Առաջինի դեպքում հումքը բնական գազն է, երկրորդի դեպքում ՝ բութադիենը, որը դրսից է բերվում:

«Նաիրիտ Գործարան»-ի  կաուչուկը մրցունակ է համաշխարհային շուկայում։ Սովորաբար արտադրությունը դադարեցվում է, երբ արտադրանքը չի իրացվում: Արդյո՞ք մեծ շռայլություն չէ աղքատ երկրի համար գետնին հավասարեցնել երկու եղանակով ստացվող քլորոպրենային կաուչուկի գործարանը և աճուրդի հանել, ինչպես ասում են՝ ջրի գնով, երբ ստացված գումարով նույնիսկ չեն կարողանալու պարտքերը փակել: Նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկիրն իրեն նման շռայլություն  թույլ չի տա:

Գտեք մի երկիր, որ ունենա արտադրություն, որի արտադրանքը պահանջարկ ունենա համաշխարհային շուկայում և դադարեցնի արտադրանքի արտադրությունը և աճուրդի հանի: Չէ,չէ մի փնտրեք , չեք գտնի: «Նաիրիտ Գործարան»-ի աճուրդի հանելը սաբոտաժի դասական օրինակ է: Աբսուրդ է: Անընդունելի է:

Արդար լինելու համար պետք է արձանագրել, որ նույնիսկ մերժվածները, որ  «Նաիրիտ Գործարան»-ի սնանկացման  հեղինակներն էին իրենց թույլ չտվեցին աճուրդի հանել: Այսինքն՝ մերժվածները  սնանկ ճանաչեցին, իսկ թավշա հեղափոխականներն էլ երկրի  երեսից  «Նաիրիտ Գործարան»-ն  են վերացնում և մաքրում բոլոր հետքերը:

Հետաքրքիր է, եթե «Նաիրիտ Գործարան»-ը վերացնում են երկրի երեսից ինչո՞վ են տնտեսությունը վերականգնելու: Միայն հանքարդյունաբերությունով և ՏՏ տեխնոլոգիաներով անհնար է տնտեսություն զարգացնել:  Վերջապես ինչքան կարելի է ընդերքը քանդել:

Է մերժվածներն էլ էին նույնն անում, բա ինչու՞ տնտեսությունն  այսքան աղետալի է: Եթե կառավարությունն իսկապես  ուզում է տնտեսություն զարգացնել պիտի վերագործարկի «Նաիրիտ Գործարան»-ն ու «Վանաձորի Քիմպրոմ»-ը, որը  մի քանի հազար մարդու կապահովի  աշխատատեղերով,  կմեղմացնի գործազրկություն:

Գիտե՞ք  ինչն է անհեթեթն ու անընդունելին, որ կառավարությունը հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ է պայքարում և աճուրդի է հանում «Նաիրիտ Գործարան»-ը, կոռուպցիոներների դեմ պայքարելու փոխարեն  երեք հազար նաիրիտցիների դեմ է պայքարում և մոռանում է, որ  հեղափոխության պահանջներից  ամենահիմնականը սոցիալական բաղադրիչն է եղել:

Այսուհանդերձ հուսանք, որ  գործարանը պետության սեփականությունն է, և կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներն իսկապես իրենց պատասխանատու կզգան տնտեսության զարգացման համար և ելքեր կգտնեն  «Նաիրիտ Գործարան»-ի  վերագործարկման համար և գործարանի վերագործարկումը  կլինի յուրահատուկ լակմուս, թե՞ պիտի մերժվածների նման զբաղվեն  երկրի ընդերքը քանդելով : «Նաիրիտ Գործարան»-ն  աճուրդի հանել նշանակում է շարունակել մերժվածների աղետալի տնտեսական քաղաքականությունը:  Մենք ուշադիր հետևելու ենք «Նաիրիտ Գործարան»-ի և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս