loader
Ներկրում են, մեր ապրանքը շան մսի գին է դառնում. դիմում՝ վարչապետին

Ներկրում են, մեր ապրանքը շան մսի գին է դառնում. դիմում՝ վարչապետին

Մեծ մանթաշցիները բերքը հավաքել են և հայտնվել անելանելի վիճակում: Գազարը տոննաներով նկուղներում է մնացել, գնորդ չկա: Այս պահին այստեղ գազարի մեկ կիլոգրանը 80 դրամով է վաճառվում: Հողագործները Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեցին, որ արժեքը շատ ցածր է, նույնիսկ ներդրած գումարները հետ չի բերում:

«2-3 անգամ սրսկում ենք՝ բուժանյութին փող ենք տալիս: 3-4 անգամ քաղհան ենք անում: Բանվորի ենք գումար տալիս, տեխնիկա և այլ հարցեր կան: Գազարի մեկ կիլոգրամի արժեքը մեզ վրա 100 դրամ է նստում, բայց հիմա 20 դրամով ավելի էժան ենք վաճառում»,- բողոքեցին նրանք:

Ասում են՝ բերքն ակնկալածից քիչ են հավաքել, հետևաբար նաև արժեքը պետք է բարձր լիներ: Իսկ ցածր բերքատվության պատճառը եղանակային պայմաններն են:

«Գարնանն անձրևները երակարատև էին, հետո հաջորդեցին չափազանց շոգ օրերը, և մենք բերքի կորուստներ ունեցանք: Շատերի բերքը հողում փտել է»,- ներկայացրեցին նրանք:

Եղած բերքն էլ ոչ միայն ջրի արժեք ունի, այլ շատերը դժվարությամբ են այն կարողանում իրացնել և անասնակեր չդարձնել:

«Վերավաճառողներ են գալիս տանում, բայց շատերին չի հաջողվում նույնիսկ այդ ձևով բերքը ծախել: Դրա համար էլ է ծանոթ-բարեկամ պետք, որ միջնորդեն»,- նշեցին Մեծ մանթաշցիները:

Գազար մշակողները տարբեր պատճառաբանություններ են մատնանշում, թե ինչու են խնդիրներ առաջանում նարնջագույն բերքի իրացման հարցում: Մի կողմից՝ ներկրումները, մյուս կողմից արտահանման բացակայության պատճառով տեղական արտադրանքը լճանում է:

«Առաջ Վրաստան, Թուրքիա էր արտահանվում, անգամ Բաքու են տարել, բայց հիմա ընդհանրապես արտահանում չկա»,- վերհիշեցին գյուղացիները:

Տեղացիներին առավել շատ մտահոգում է ներկրումները, երբ իրենց համեղ բերքի կողքին հայտնվում է պարսկական և թուրքական արտադրանքը:

«Գարնան սկզբից բերում, շուկան լցնում են պարսկական գազարով, մեր ապրանքը շան մսի գին է դառնում»,- վրդովվեցին նրանք:

Գազարի երկիր համարվող Մանթաշում տարեցտարի գնալով ցանքատարածությունները պակասում են: Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի գյուղերի վարելահողերի 35 հեկտար տարածքն է միայն գազարը զբաղեցնում:

«Տարի է եղել՝ 60 հեկտար ցանել ենք: Որ իրացում լինի, 35 հեկտար չէ, 350 կցանեն, այնպես չէ, որ ալարում են գործ անեն, իրացում չկա, եղածն էլ էժան են ծախում, մարդիկ եկամուտ չեն ստանում և չեն մշակում»,- փաստեց Գրիգորյանը:

Նրա կանխատեսմամբ, եթե իրացման հարցը չլուծվի, հաջորդ տարի մարդիկ ավելի շատ կկրճատեն արտադրության ծավալները: Արկադի Գրիգորյանը պատրաստվում է տեղական գյուղմթերքի իրացման խնդրով դիմել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս