loader
Որ նայում ես, ուղղակի մարդու լաց է գալիս. արամուսցիները բերքից դժգոհ են

Որ նայում ես, ուղղակի մարդու լաց է գալիս. արամուսցիները բերքից դժգոհ են

Կոտայքի մարզի Արամուս համայնքում բնակիչներ կան, ովքեր այս տարվա ընթացքում հազիվ են կարողացել հողը 2-3 անգամ ոռոգել: Նրանք Հայաստան 24-ի հետ զրույցում ահազանգեցին, որ սածիլները դույլերով են ջրել: Ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղացիները բերք չեն կարողացել ստանալ:

«Պահածոների համար սաղ մթերքը գնել ենք: Ես ինչո՞ւ պետք է ջուր չունենամ, որ հող մշակեմ, այլ ոչ թե գնամ, պոմիդորը 500 դրամով գնեմ ու բերեմ փակոց անեմ»,- նեղսրտեց Արամուսի բնակիչը:

Ոչ միայն տնամերձերն են այստեղ դժվարությամբ ջրել, այլ նաև դաշտերը:

«Կռվով-դավով ջրել ենք դաշտերը: Գնում ես, հերթ ես կանգնում, որ կռվով ջրի հերթը քեզ հասնի, ոնց որ խաղ անեն, այդ վիճակն է: Ջուրն օրերով կտրում չեն տալիս ու չեն ասում, թե ինչի՞ համար ջուր չունեք: Օրերով ջուր չեն տալիս, մեկ էլ տեսար՝ մի 2 օր իրար հետևից ջուր տվեցին: Մի հատ խայտառակ վիճակ է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ըստ գյուղացիների՝ նման պայմաններով հող մշակելն անհնարին է դառնում:

«Դաշտերում 3000 մետր հող ունեմ, տնամերձում էլ՝ 1000: Որ նայում ես, ուղղակի մարդու լաց է գալիս: Այդ բերքն է մեր ապրուստը, բայց չորացել է: 3 տարի է՝ նույն վիճակն է, եթե ես այդ հողից չեմ օգտվում, ինչի՞ համար ոռոգման ջրի համար փող վճարեմ»,- նշեց նա:

Արամուսի համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրների չեն բախվել: Ոռոգման ջրով Արամուսն ապահովված է եղել, բայց եղել են օրեր, երբ ջուրը կտրել են:

«Մի երկու օր ջուր չենք ունեցել՝ վթարի հետ կապված: Մի քանի օր էլ չեն տվել՝ կապված Սևանա լճից ջուր բաց թողնելու որոշման հետ՝ մոտ 1 շաբաթ ջուր չենք ունեցել, բայց մենակ մեզ մոտ չէր այդ վիճակն, այլ ամբողջ հանրապետությունում»,- փաստեց նա:

Շոգ եղանակի պատճառով այս տարի այստեղ գյուղոլորտում բարձր ցուցանիշ չեն արձանագրել:

«Թե՛ մրգի, թե՛ բույսի հետ կապված խնդիրներ են առաջացել: Պետք է ջրես՝ բույսը չի դիմանում շոգին: Մարդը չի դիմանում, ո՞ւր մնաց բույսը: Մեզ մոտ հիմնականում գազար ենք մշակում: Գարնան, ամռան ցանած գազարն այս շոգերին փչացավ: 45 աստիճան ջերմություն է, բույսը ո՞նց դիմանա»,- ընդգծեց Նիկողոսյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս