loader
Պահանջում են նվազեցնել ոռոգման ջրի գինը

Պահանջում են նվազեցնել ոռոգման ջրի գինը

Ոռոգման ջուրը պղտոր ոսկի է: Հենց այսպես են հողագործները խոսում ոռոգման ջրի սակագնի վերաբերյալ: Նրանք դժգոհում են, որ գինը բարձր է: 1 հեկտար հողատարածք ջրելու վարձը կազմում է 16 հազար դրամ։  

«Բերքն էժան ենք վաճառում, նույնիսկ ջրի գումարը չենք կարողանում վճարել: Մեզ միայն չարչարանքն է մնում: Վարկեր ենք վերցնում, որ գումարը վճարենք: Ոռոգման ջրի գումարը պետք է իջեցնեն»,- Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեցին Արարատի մարզի Դալար համայնքի բնակիչները:

Ոռոգման ջուրն այս տարի պակաս է: Գյուղացիները մտահոգվում են, որ ստացած եկամուտով հազիվ ջրի վճարը կկարողանան մուծել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում գյուղացիներին մտահոգող այս խնդիրը բարձրաձայնել են: Քննարկումներից հետո պարզ կլինի՝ գինը կնվազի՞, թե՝ ոչ:

Նշավան համայնքի բնակիչ Վիկտոր Համբարձումյանի խոսքով՝ սեզոնին գյուղացին ոչ միայն խնդրի առաջ է կանգնում ջրի սակավության պատճառով, այլ՝ կազմակերպչական:

«Միայն գինը չէ հարցը: Ջրօգտագործողների ընկերությունները նորմալ չեն աշխատում՝ ինչպես ուզում են, այնպես էլ տնօրինում են ջուրը: Լավ է, որ կառավարությունը ջրի սակագնի խնդրով զբաղվելու է, բայց լավ կլինի, որ ջուրը ՋՕ-երից վերցնեն և գյուղապետարաններին հանձնեն: Այդ ընկերությունները միայն գումար են հավաքում»,- առաջարկեց գյուղացին:

Միայն ոռոգման ջրի բարձր գինը չէ, որ անհանգստացնում է նրանց:

Եղած ջուրը դաշտերին չի հասնում, քանի որ ցանցն անբարեկարգ է: Մոտավոր հաշվարկով՝ մաշված խողովակների պատճառով ջրի կորուստը մոտ 80 տոկոս է կազմում:

«Խողովակները քանդեցին, տարան, որոշ մարդիկ հարստացան, իսկ գյուղացին մնաց առանց ջուր: Մնացածն էլ մաշված է ու ոչ պիտանի: Խայտառակ վիճակ է»,- ահազանգեցին մեր զրուցակիցները:

Շատ դեպքերում էլ սխալ կառավարման պատճառով Հայաստանի գետերի ջրերը հոսում են դեպի Ադրբեջան և Թուրքիա: Գյուղացիների կարծիքով՝ պետք է նաև Ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքի բնույթը փոխել:

«ՋՕ-երը մեզ թալանում են, այդ հիմնարկները պետք է փակել: Նորմալ մարդիկ բերեն ու աշխատեն: Առաջինն իրենց դաշտերն են ջրում, իսկ հետո ջուր չի մնում, որ մեզ տան»,- դժգոհեցին Արարատի մարզի Արտաշար համայնքի բնակիչները:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս