loader
Պարադոքս տեղի ունեցավ. խաղողագործներն ամփոփում են տարին

Պարադոքս տեղի ունեցավ. խաղողագործներն ամփոփում են տարին

Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվալները՝ խաղողի արտադրության վերաբերյալ կեղծ են: Հայաստան 24-ի հետ զրույցում հայտարարեց «Խաղողագործության միության» նախագահ Արտակ Սարգսյանը: Գյուղնախի տվյալներով, նախորդ տարվա համեմատ, խաղողի բերքն ավել է: Մինչդեռ Արտակ Սարգսյանն այն անիրատեսական է համարում:

Նրա պնդմամբ՝ բերքն այս տարի պակաս է եղել: Տարին խաղողագործության ոլորտի համար ոչ բարենպաստ էր բնակլիմայական պայմանների պատճառով:

«135.000 տոննա սուտ թիվ են հրապարակել: Այս տարի գրանցվել է 24.000 տոննա աճ: Միֆ է գոյություն չունի, կեղծված է: Հիմա էլ ընտրությունները չեն կեղծվում, բայց խաղողի թվերը կեղծվում են: 2017 թվականի թվերն էին կեղծված: Հիմա 2017 թվից ավել մեծ թիվ են կեղծել»,- ասաց «Խաղողագործների միության» նախագահը:

Գարնան հորդառատ անձրևների հետևանքով խաղողի հիվանդությունները զարգացան, որոնք էլ ազդեցին բերքատվության վրա: Ուստի, ըստ Սարգսյանի, ոլորտում գրանցված աճի մասին խոսք լինել չի կարող:

«Զարգացավ խաղողի միլդյուն, օիդիում հիվանդությունները: Կային տնտեսություններ, որոնք չկարողացան դիմակայել այդ հիվանդությունների դեմ: Եվ բնության արհավիրքը կարողացավ վնաս հասցնել խաղողագործության ոլորտին: Մի կողմից էլ կարկուտն իր սև գործն արեց»,- փաստեց միության նախագահը:

Առաջին անգամ չէ, որ խաղողագործները պաշտոնական տվյալները կասկածի տակ են դնում: Ըստ նրանց՝ թվերը կեղծելու համար պատճառներ կան:

«Գործարանը գրում է, որ հայկական խաղող են առել, թիվ են գրում, բայց կեղծ սպիրտ են ներդրում և կոնյակ պատրաստում: Այդ թվերը ցույց տալու համար է»,- նշեց մեր զրուցակիցը:

Պարադոքս. հենց այսպես է ոլորտն ամփոփում «Խաղողագործության միության» նախագահը: Նա մատնանշեց այս տարվա խաղողի մթերման գինը: Կիլոգրամը 130-140 դրամով էր վերամշակող ընկերությունը խաղողագործից ապրանք գնում, երբ, ըստ հաշվարկների, ինքնարժեքը կազմում է 115-125 դրամ:

«Առաջարկ-պահանջարկի հիման վրա գինը բարձրանում է, բայց պարադոքս տեղի ունեցավ, գինը նվազեց, քանի որ բոլոր օլիգարխների ձեռին են խոշոր վերամշակող ընկերությունները, դրա համար էլ գինը չբարձրացավ: Մեկը մեկի խոսքը պահում է և ցածր գնով ապրանքը սրբում: Մեզ մոտ խաղողի քանակը քիչ է եղել, իսկ մթերման գինը՝ ցածր, դա զարմանելի չէ՞»,- հարցրեց նա:

Բացի այս, բազմաթիվ գործարաններ խաղողագործի հետ կնքած պայմանագրեր չունեն: Տեղում են գին որոշում և վաճառք կազմակերպում:

«Նման ձևով չեն կարող խաղողագործություն զարգացնել: Պետք է երկարատաև, փոխշահավետ պայմանագիր կնքեն խաղողագործի հետ, որտեղ նշված կլինեն մթերման քանակությունն ու գինը»,- կարևորեց Արտակ Սարգսյանը:

Որպեսզի խաղողագործը տուժված դուրս չգա գործից, միության նախագահն այս հարցում անհրաժեշտ է համարում օրենսդրական բացը լրացնել: Գյուղմթերք արտադրողի համար պետք է օրենք գործի:

Մանյա Պողոսյան  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս