loader
Փայտի գինն արդեն տվել-անցել է, կապույտ վառելիքից օգտվելն էլ ճոխություն է. լուսանկարներ

Փայտի գինն արդեն տվել-անցել է, կապույտ վառելիքից օգտվելն էլ ճոխություն է. լուսանկարներ

 Սեպտեմբերյան ջերմ օրերը շուտով ցրտերի կվերածվեն: Իսկ հատկապես Շիրակի մարզում ցրտերը շուտ են ընկնում և ուշ հեռանում: Գյուղացիները դեռ ամառվանից սկսում են տունը տաքացնելու հոգսը քաշել: Այստեղ գազի խողովակների անմիջապես կողքին աթարի դեզերն են կանգնած: Հենց սրանով էլ Ամասիայի բնակիչները տուն են տաքացնում: Այստեղ զարգացած է անասնապահությունը: Թեև, ինչպես գյուղացիներն են ասում, այս գործը եկամուտ չի բերում, բայց տան ջեռուցման հարցն են կարողանում լուծել:

«Հիմա մի լիտր կաթը կես լիտր ջերմուկից էժան է: Կաթի լիտրը 100-110 դրամով են մթերում, իսկ ջերմուկը՝ 300 դրամով վաճառում: Մեզ անասնապահությունից միայն չարչարանքն է օգուտ մնում և մեկ էլ գոմաղբը: Եկամուտ չենք ստանում, բայց կով ենք պահում, որ տուն տաքացնենք»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ներկայացրեցին Ամասիայի բնակիչները:

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի հույսն էլ գոմաղբն է: Ռոզա Ավետիսյանին այգում հանդիպեցինք: Սալոր էր հավաքում և աթարի դեզերին հետևում՝ հանկարծ քամուց դեզը քանդված չլինի:

«40.000 դրամ թոշակ եմ ստանում, դրանով դե՞ղ առնեմ, թե՞ գազի փող տամ: Եթե գազ վառենք, ամիսը մի 100.000-150.000 դրամի կվառենք, բայց չենք վառում, աթար ենք առնում»,- ասաց կինը: Ամեն տարի Ավետիսյանները, գրեթե, 150.000 դրամի աթար են գնում: Ասաց, որ այդքանը, սակայն, իրենց չի բավականացնում: Ձմեռն այստեղ խստաշունչ է, երկարատև և հաստատուն ձնածածկույթով:

«Էդ աթարը մի 3-4 ամիս է հերիքում, իսկ այստեղ 7-8 ամիս ձմեռ է: Աթարի հետ ցելոֆոն էլ ենք վառում և հնացած այլ իրեր»,- նշեց նա:

Ամասիայում բոլորն են նույն վիճակի, իսկ ովքեր շատ անասուն ունեն, նաև աթար են վաճառում: «Մարդիկ աթարով են այստեղ բնակարանների ջեռուցման հարցը լուծում, դրա համար էլ զարգացնում են անասնապահությունը»,- նշեց համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը: Արևշատում անասնապահությունը զարգացած չէ, շատերը նույնիսկ աթարով տուն տաքացնելու հնարավորություն չունեն:

«Ման ենք գալիս, տեսնենք, որ գյուղում աթար կա, որ մի տրակտոր՝ 150.000 դրամի գնենք: Դա չի հերիքում, բայց ճար չունենք: Փայտի գինն արդեն տվել-անցել է: Շատ թանկ է փայտը»,- սրտնեղեցին գյուղացիները:

Փանիկն էլ է գազաֆիկացված, բայց կապույտ վառելիքից օգտվելն այստեղ նույնպես ճոխություն են համարում:

«Նոր կառավարությունը պետք է մտածի ածուխի ներկրման կամ արտադրության մասին, թե չէ գազը շատ թանկ է»,- ասաց Փանիկի բնակիչ Գուրգեն Բալյանը: Աթարի միջոցով ապրող շիրակցիները հույս ունեն, որ հեղափոխությունը նաև իրենց մոտ կհասնի: Պետությունը միջոցներ կձեռնարկի էժան վառելիքի տրամադրման հարցում, և աթարի դեզերը կվերանան այս տարածաշրջանի համայնքներից:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս