loader
 Պետք է արգելվի ներկրումը. սոխը, կարտոֆիլն ու կաղամբը դաշտում են մնացել

Պետք է արգելվի ներկրումը. սոխը, կարտոֆիլն ու կաղամբը դաշտում են մնացել

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում կարտոֆիլն ու կաղամբը դաշտում են մնացել: Բերքը չի վաճառվում, գյուղացին այն հողից նույնիսկ չի էլ հանում:

«Կարտոֆիլն էլ, կաղամբն էլ փչացել են արդեն դաշտում: Կարտոֆիլի 10-ից 5-ը փչացած է, կաղամբն էլ արդեն արևի տակ փտել է»,- Հայաստան 24-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Հովտամեջ համայնքի բնակչուհի Լարիսա Հովհաննիսյանը:

Հովտամեջում այս պահին 10 հեկտար կարտոֆիլ կա, որը դեռ գյուղացին չի հավաքել: Կարտոֆիլի ամենաբարձր գինն այսօր 70 դրամն է: 5 հեկտար էլ կաղամբ կա: Գյուղացին դաշտին մոտ չի գնում, քանի որ արժեքն ավելի ցածր է, քան կարտոֆիլինը:

«Կաղամբը 20 դրամ է, բայց այդ գնով չեն էլ առնում: Հիմա նույնիսկ ծախսերը չենք կարողանում հանել»,- դժգոհեց մեկ այլ հողագործ:

Այստեղ վստահեցնում են՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ ցանքատարածությունները մի բան էլ պակասացրել են, բայց դա էլ չօգնեց իրացման խնդիր չունենալ:

«Հայաստանում մարդ է մնացե՞լ, որ առևտուր անի: Ով էլ, որ մնացել է, փախել է՝ շոգ է, դրսում հանգստանալու են մեկնել»,- բացատրեցին հովտամեջցիները: Այս տարի ոչ մի կիլոգրամ կաղամբ ու կարտոֆիլ գյուղից դուրս չի եկել: Արտահանողները Հովտամեջ ոտք չեն դրել:

«Անցյալ տարի «Սպայկայի» ֆուռերը եկան, կաղամբ ու կարտոֆիլ տարան: Մարդիկ օրական 200-300 կիլոգրամ են հանում, որ կարողանան վաճառել և նորից մնացածը հանեն: Անցյալ տարի հեռավոր գյուղերից գալիս էին և տոննաներով կարտոֆիլ էին տանում, այս տարի այդ տոննաները վերացրել են: Միայն առևտրականներն են գալիս և 2-3 պարկ բերք են տանում»,- մատնանշեց Լարիսա Հովհաննիսյանը:

Այս պահին Արմավիրի մարզում իրացման ենթակա 20.000 տոննա կարտոֆիլ կա: Գազարն էլ լավ օրի չէ՝ բարձրորակ 200 տոննա նարնջագույն բերքն էլ ուզող չունի: Չիրացված բերքի այս տվյալներն Արմավիրի մարզպետարանն է հրապարակել: 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ, որը չի վաճառվում:

Արտիմետ համայնքը սոխի երկիր է համարվում: Այս տարի առատ բերք են ստացել, բայց ուրախ չեն, որովհետև սոխը հողում է մնացել: Մոտ 2000 տոննա վաճառքի ենթակա սոխ կա: Կիլոգրամը 50 դրամ էլ չեն կարողանում սպառել՝ մինչդեռ նույն որակի պարսկական սպիտակ գլուխ սոխը 200-250 դրամ է այսօր տեղական շուկայում: Գյուղացիների խոսքով՝ իրենց գործին ներկրումներն են խփում:

«Լավ որակի սոխեր են մերը, բայց պարսկականը մի քիչ տեսքով ավելի լավն է: Մեր ապրանքը գոնե 50 դրամով վաճառվելու դեպքում էլ գոհ կլինենք»,- ասաց Արտիմետի ղեկավար, ֆերմեր Վարդան Միրզախանյանը:

Մարզպետարանը փորձում է օգնել գյուղացուն: Գյուղմթերքը վաճառելու նոր տարբերակ են առաջարկում:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վերոնշյալ գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը: Մարզպետն այն ակտիվորեն տարածում է: Մարզպետարանից զանգ Վարդան Միրզախանյանն արդեն ստացել է, բայց քիչ քանակությամբ են պատվերները:

«Առևտրականներին են ուղարկել, որ օգնեն վաճառք լինի մինչև արտահանողներ գտնեն»,- ասաց նա:

Միրզախանյանի կարծիքով՝ պետք է դադարեցնել պարսկական սոխի ներկրումը, այլապես բերքահավաքից հետո շուկայում լճացում կլինի, իսկ գյուղացին էլ կսնանկանա:

«Սոխի ինքնարժեքը մեզ վրա 80 դրամ է նստում, բայց 50-ով ենք վաճառում, մենք չենք կարողանալու վարկերը փակել»,- մտահոգություն հայտնեցին արտիմետցիները:

Մանյա  Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս