loader
Փոխհատուցման նոր տարբերակից գյուղացիները դժգոհ են

Փոխհատուցման նոր տարբերակից գյուղացիները դժգոհ են

Շուտով տարին կամփոփվի, Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում, սակայն, ի մի բերելու շատ քիչ բան կա: Տարեմուտից հաշված օրեր առաջ այստեղ դեռ հարկերը չեն կարողացել հավաքել: Սեփական եկամուտների կատարողականն Ամբերդում 30 տոկոս է կազմում:

«Փող չենք կարողանում հավաքել: Կողքի գյուղերը, սաղի մոտ նորմալ վիճակ է, մենակ մեզ մոտ է վատ»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը:

Ցածր ցուցանիշի համար այստեղ հիմնավոր պատճառ կա: Բնակլիմայական պայմաններն այս տարի չեն թողել գյուղացուն շնչել ու պետության նկատմամբ պարտավորությունները կատարել: Ամբերդցիները կառավարության փոխհատուցմանն են սպասում, որ պարքտերը վճարեն: Համայնքի ղեկավար Մանվել Բաբայանի խոսքով, սակայն, փոխհատուցումն այնքան չնչին է, որ ժողովրդի մատից դժվար փուշ հանի:

«Այդ գումարներն այնքան աննշան են, որ նույնիսկ ժողովրդի հարկերի գումարները դուրս չի գալու»,- նկատեց Ամբերդի ղեկավարը:

Կառավարությունը որոշել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տարերային աղետներից տուժած համայնքներին մասնակի փոխհատուցում տրամադրել:

Փոխհատուցում կստանան կարկուտի, ջրհեղեղի, ցրտահարության հետևանքով վնաս կրած գյուղացիները։ Ամբերդ համայնքը կարկուտից է տուժել: Հունիսին տեղացած կարկուտն ավիրել է խաղողի այգիներն ու ցանքատարածությունները: Համայնքի ղեկավարը փաստեց, որ կարկուտից Ամբերդը 80 տոկոս տուժել է:

«Խաղողը 70-80 տոկոսով վնասվել է: Բանջարեղենը 100 տոկոս վնասվել է՝ վարունգը, լոլիկը, լոբին, դրանք հենց դաշտում էլ մնացել են՝ լրիվ քոլերը ջարդվել էին»,- ներկայացրեց նա:

Նախորդ տարի Ամբերդը կրկին կարկտահարվել էր: Նախկին կառավարությունը հողի և ջրի հարկը զիջել էր: Նոր կառավարությունը փոխհատուցման մեխանիզմը փոխել է: Աջակցությունը գյուղացիները ստանալու են «Հայփոստի» բաժանմունքներից՝ կանխիկ գումարով։ Իսկ վնասի փոխհատուցման համար տարբեր չափ է որոշված։ Օրինակ` պտղի, հատապտղի և խաղողի վնասը կփոխհատուցվի 5 տոկոսի չափով, բանջարբոստանային, կերային մշակաբույսերը` 4 տոկոսի չափով, իսկ հացահատիկային կուլտուրաները 50 տոկոսով։

Այս տարբերակն ամբերդցիների սրտով չէ, նրանք նախկինի պես են ուզում:

«100 տոկոս վնասի դեպքում մեկ հեկտարի համար 85.000 դրամ են տալիս: Մեզ մոտ վնասի չափը 70-80 տոկոս է կազմում, ստացվում է, որ մեկ հեկտարի դիմաց 60.000 դրամ գումար կստանան»,- հաշվարկեց Բաբայանը:

Հողագործները համոզված են՝ փոխհատուցման գումարով չվճարված հարկերը չեն կարողանալու վճարել:

«60.000 դրամ հեկտարին փող են տալու, դա նույնիսկ ջրի գումարը չի հանելու: Մեկ հեկտար ոռոգման ջրի դիմաց վճարել ենք 100.000 դրամ»,- բողոքեցին նրանք:

Կարկուտը ոչ միայն ամբերդցիներին պետությանն է պարտք թողել, այլև նաև բանկերին: Վերցրած վարկի տոկոսները չեն կարողացել մարել, արդեն մեծ պարքտ է գոյացել:

««Կամուրջ» բանկից 10 հոգով գումար ենք վերցրել, 5-ը չեն կարողացել փողը վճարել և տույժ-տուգանքներ է ավելացել: 5 միլիոնանոց վարկը դարձել է 9 միլիոն: Շատ ահավոր վիճակում ենք»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս