loader
«Պռոշյանի» գործարանը խաբել է. 350 դրամով պայմանագիր է կնքել, 250-ով ընդունել. խաղողագործ

«Պռոշյանի» գործարանը խաբել է. 350 դրամով պայմանագիր է կնքել, 250-ով ընդունել. խաղողագործ

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչներն անհանգստացած են: Անձրևները կարող են փչացնել խաղողը: «Արենի» տեսակի խաղողը հասունացել է, բայց գյուղացիները դեռ այն այգիներից չեն հավաքել: Սմբատ Ղազարյանը 4 տոննա խաղող ունի, սակայն ոչ մի կիլոգրամ դեռ չի քաղել: Համագյուղացիների խաղողը նույնպես մնացել է վազին:

««Պռոշյանի» գործարանը մի քանի գյուղացիների հետ ունեցել է պայմանագիր, որ բերքն ընդունի կիլոգրամը 350 դրամով: Գյուղացին խաղողը տարել է հասցրել գործարան, 250 դրամով են ընդունել և ճամփու դրել: Խաբել են մարդկանց: «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչը դաշտերում ման է եկել, ասում է՝ գիտեմ, որ այս տարի խաղողը շատ է, էժան ենք տանելու: Ամբողջ գյուղը խառնել են իրար»,- Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեց նա:

Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացիները բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջել, որ նախորդ տարվա գներով վերամշակող ընկերությունները գնեն տեխնիկական սորտի այս խաղողը: Մթերողները երեք ընկերություններ են՝ «Արմենիա Վայնը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Վեդի Ալկոն»: Անցյալ տարի նրանք խաղողի կիլոգրամը 300 դրամով են ընդունել, հիմա 250 են վճարում ևս 15 դրամ էլ տեղափոխման գումար: Գյուղացիները դժգոհում են, որ «Արմենիա Վայնը» գին թելադրողն է և միտումնավոր գները նվազեցնում է:

«Գյուղացիներն այդ գնին համաձայն չեն, պահանջում են, որ մինիմում անցյալ տարվա արժեքով ընդունեն: Ամեն ինչը թանկացել է, բացի մեր ապրանքից: Գյուղտեխնիկա, վառելիք, բուժանյութեր, դրանք բոլորը ծախսեր են, որոնք թանկացել են»,- մատնանշեց խաղողագործը:

Հանդիպում է տեղի ունեցել գյուղացիների և մթերող ընկերությունների ներկայացուցիչների միջև: Վերջիններս ասում են, որ այս տարի բերքը շատ է, և նախորդ տարվա գնով մթերել չեն կարող, խաղողագործներն էլ հակադարձում են, որ բերքը պակաս է:

«Իրականում տենց բան չկա: Իրենց պատճառաբանությունները միայն հորինված են: Գործարանները 4.000 տոննայի պահանջ ունեն, բայց մենք այդքան խաղող չունենք՝ դրա կեսն էլ չունենք»,- շեշտեց նա:

Քննարկմանը ներկա է եղել նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Աղավնաձորցիները փոխանցում են, որ նա իրենց ցավին դարման չի արել: Միայն եկել է և պատմել, թե ինչպես են խաղող աճեցնում, ինքն էլ է խաղող մշակում և գիտի այդ գործի դժվարությունները: Եթե խաղողի մթերման գինը չվերանայվի, աղավնաձորցիները պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել՝ ընդհուպ միջպետական ճանապարհ փակել և իրենց պահանջները ներկայացնել: Նրանց խոսքով՝ այլ ելք չունեն, քանի որ խաղողագործն այսօր բերքի հետ միայնակ է մնացել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս