loader
Ռուսական կողմը չի բացում խոստացած «կանաչ գիծ»-ը. Արտահանողների միության նախագահ

Ռուսական կողմը չի բացում խոստացած «կանաչ գիծ»-ը. Արտահանողների միության նախագահ

Վերին Լարսի անցակետում հայկական ապրանքներով լի բեռնատարների կուտակումները դեռ շարունակվում են: Լարսի անցակետի փակ լինելը լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Հայկական կողմը փորձում է խնդիրը կարգավորել, սակայն ռուսական կողմն, ըստ Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի, ոչինչ չի անում հայկական բեռների արագ արտահանման ուղղությամբ:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ռուսական մաքսակետում որևէ փոփոխություն չի եղել հայ արտահանողների համար: Հիշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ, երբ ԵԱՏՄ ծրագրերն էին քննարկվում, Վերին Լարսի մաքսակետի ռուսական կողմում հայկական ավտոմեքենաների համար պետք է առանձին կետ գործեր, որը կոչվելու էր «կանաչ գիծ»: Մինչ օրս, սակայն, ռուսական կողմը չի բացում այդ «կանաչ գիծը»:

«ԵԱՏՄ մտնելիս մեր նպատակն այն էր, որ ռուսական սահմանի վրա ունենանք առանձին անցակետ, որտեղ մեզ կզգանք որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ, և ոչ թե մի երրորդ երկրից եկողի նման մեզ ստուգեն ու խանգարեն: Դա պետք էր, որպեսզի հայկական մեքենաները, անկախ այնտեղ կայանված թուրքական կամ այլ ավտոմեքենաներից, ունենային ուղիղ գիծ, որ չկանգնեն: Ռուսները խոստումներ տվեցին, բայց հետո քնեցրեցին»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց նա:

Արտահանման համար այս տարի նախորդների պես խոչընդոտներ չստեղծվեցին: Տեղի ունեցած մի քանի փոփոխությունն ազդել է արտահանման ծավալների վրա:

«Մոնոպոլիայի կոտրում է տեղի ունեցել: Առաջ միայն «Սպայկան» էր թաթը դնում ամեն ինչի վրա, այս տարի դա տեղի չունեցավ, բավականին անհատ մարդիկ իրենց ապրանքը կարողացան տեղափոխել»,- մատնանշեց նա:

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15.657 տոննայով կամ շուրջ 55%-ով։ Մխչյանի տեղեկություններով՝ աննախադեպ քանակի ծիրան արտահանվել է հարևանի Վրաստանի ուղղությամբ:

«Սա ևս աննախադեպ է, քանի որ գիտեին, որ միշտ դեպի Ռուսաստանի Դաշնություն է գնում, բայց նաև Վրաստանի շուկա է գնացել: Հատկանշական է, որ ծիրանը գնել են վերամշակման համար»,- փոխանցեց նա:

Թեև, արտահանման ոլորտում դրական տեղաշարժեր են եղել, այնուամենայնիվ, գյուղացիներն ու արտահանողները փակուղու առջև են կանգնել: Ըստ արտահանողների միության նախագահի՝ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է իր գործում թերացել:

«Սերտիֆիկատ տրամադրող մարմինն է խնդիրներ առաջացրել: Այդ կառույցում դեռ ոչինչ չի փոխվել: Երբ մարդ խոչընդոտների է հանդիպում ապրանքն արտահանելիս, ինքը զզվում է՝ մի երկու անգամ խնդրի բախվելուց հետո, էդ գործն էլ չի անում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մաքսակետերում կաշառքի դեպքեր չեն գրանցվել ինչպես նախորդ տարում:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս