loader
Շաբոյան. Տեղափոխման ծախսերը ազդեցություն են ունենում բենզինի գների վրա

Շաբոյան. Տեղափոխման ծախսերը ազդեցություն են ունենում բենզինի գների վրա

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ և՛ բենզինի, և՛ դիզելային վառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են, բայց պետք է հաշվի առնենք հետևյալ հանգամանքը, կան գնագոյացման տարբերություններ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Հիմնական տարբերություն կայանում է նրանում, որ Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղային տրանսպորտի միջոցով, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ տեղափոխման ծախսերը էական ազդեցություն են ունենում բենզինի գների վրա, բացի այդ, Վրաստանը Ադրբեջանից, Թուրքմենստանից ևս ներկրում է իրականացնում: Այնուհանդերձ այս բոլոր գործոնների պարագայում այս պահին Հայաստանում և Վրաստանում ինչպես բենզինի, այնպես էլ դիզելային վառելիքի գները գրեթե նույնն են»,-պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է հարկային փոփոխություններով պայմանավորված թանկացումներին, Շաբոյանն ասաց. «Մեր մոնիտորինգի համաձայն, 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով նախկին 25.000 դրամի փոխարեն դարձել է 40.000 դրամ, բացի այդ, մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120 000 դրամից,  դարձել է 135 000 դրամ, ինչն էլ, բնականաբար անդրադարձել է վերջնական գնի վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի շուկաներին, ապա նա նշեց, որ նախկինում դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից, իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: «Հունվարից ակցիզային հարկը  նվազել է՝ դառնալով 13 000 դրամ, սակայն, դրան զուգահեռ, ավելացել է ԱԱՀ-ն, որը նախկինում չի եղել: Նշված փոփոխությունները մեր հաշվարկներով 1 լիտր դիզելային վառելիքի վրա կարող էին անդրադառնալ մոտ 60 դրամով»: Իսկ բնական սեղմված գազի առումով ասեմ, որ 2018-ի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը  1000 խ.մ-ի համար  նախկին 8330 դրամի փոխարեն կազմում է արդեն 25 000 դրամ: Այսինքն, ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ  նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով  հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ»,-ասաց նա:

Անդրադառնալով 2018 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությանը` ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա. «Խոսքն, ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»,-ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս