loader
Սաղ պարտքով են արել. գյուղացի

Սաղ պարտքով են արել. գյուղացի

Արմավիրի մարզի Արագած համայնքում խառնաշփոթ է: Երեկվանից սկսած՝ ուժեղ քամին գյուղացիական տնտեսություններին վնասներ է հասցրել՝ ջերմոցների ծածկերը պոկել է: Համայնքի բնակիչները Հայաստան 24-ի հետ զրույցում սրտնեղեցին, որ դրանք վարկերով և պարտքերով էին ձեռք բերել, սպասում էին բերքահավաքին, որպեսզի այն մարեին: Բերքը, սակայն, չհավաքած այն վնասվեց: Ջրաշենցի Հակոբ Գինոսյանի ջերմոցն էլ է քամին ավիրել:

«Էն սովորական պոլիէթիլենային ծածկը լրիվ ճղել է, էքա 30 մետրանոց ջերմոցն ավիրել է: Իսրայելականի որակը՝ ցելոֆոնը մի քիչ լավն է, դա պահպանվել է: Հիմա նորից փող պետք է ճարեմ, որ ջերմոցի ծածկը վերականգնեմ»,- նեղսրտեց հողագործը:

Արագածցիներն առաջին բերքն արդեն շուկա են հանել, բայց ասում են, որ դրանով դեռ չեն կարող գումար աշխատել և քամու վնասները վերականգնել: Թարխունի մշակությամբ հայտնի համայնքում բերքի վաճառքն արդեն մի քանի օր է՝ սկսել են: Փունջը 80-100 դրամով տեղական շուկայում են սպառում: Առայժմ բերքի մասսայական բերքահավաքը չի սկսվել, մոտ 40 տոկոսն է վաճառքի: Այստեղ որակից են դժգոհ՝ նման բերքից շահույթ դժվար ստանան:

«Փտախտ կա, 100 տոկոսանոց չի դաշտը, մի 60 տոկոսանոց է: Դա կապված է եղանակի հետ՝ ձյուն չեկավ, մի կողմից էլ օդն է աղտոտված»,- ներկայացրեց Արագած համայնքի բնակիչ Արամ Հակոբյանը:

Այստեղ արդեն 15 հեկտար վաղահաս կարտոֆիլ են ցանել: Գյուղացիների խոսքով՝ այդ աշխատանքները կրկին պարտքով են արել:

«Էլի «նիսյայով», վարկով ցելոֆոն ենք առնում ելակի, կարտոֆիլի համար: Դաշտում արդեն մոտ 200 հեկտար ցանքը պոլիէթիլենային ծածկով փակել են: Սաղ պարտքով են արել, երևակայի՝ մի 10 տոկոսը, որ գումար է ունեցել և կանխիկ վճարել է»,- նշեց գյուղացին:

Ջրաշենցի Հակոբ Գինոսյանն այգում էտի աշխատանքներն է կատարում: Այն ավարտելուն պես գործի երկրորդ փուլն է սկսվում՝ ծառերը վնասատուներից պաշտպանելու գործը թանկ է:

«Վարկ եմ գրվելու, որ բուժանյութ առնեմ: Խաղողի այգին պետք է բուժեմ: Դիզվառելիք պետք է գնեմ: Մեկ միլիոն դրամը չի օգնում, որ այդ աշխատանքների տակից դուրս գանք: Մենակ մեկ հեկտարը վարելու համար 50.000 դրամ գումար են ուզում»,- ասաց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս