loader
Սերժի ռեժիմին լավ ծառայած Շիրակի նախկին մարզպետը  թող լուծի խնդիրը. ՀԿ նախագահ

Սերժի ռեժիմին լավ ծառայած Շիրակի նախկին մարզպետը թող լուծի խնդիրը. ՀԿ նախագահ

Արդեն 2 օր է՝ ֆերմերները բողոքի ակցիա են անցկացնում: Գյուղացիները բողոքում են՝ սուպերմարկետներն իրենցից միս այլևս չեն գնում, քանի որ նախկին 2 տոկոսի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ են վճարում: Այսօր գյուղացին իր բերքի հետ միայնակ է մնացել: Նա նոր իշխանությունից գյուղոլորտում հեղափոխություն է պահանջում: «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշեց, որ մթերումների հարցով պետք է Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվի, բայց նա այդ աշխատանքն իր վրայից գցում է:

«Գյուղնախարարությունն իր վրայից ցրում է, ասում՝ ես քաղաքականության մշակմամբ եմ զբաղվում, բայց երբ իրեն պետք է, ամեն մի գյուղատնտեսական ծրագրի մեջ էլ քիթը խոթում է: Գյուղացին այսօր հեղափոխություն է ակնկալում գյուղատնտեսությունում: Դա հնարավոր է իրականացնել, չափազանցություն չէ: Էդուարդ Շարմազանովն ասում էր՝ կարո՞ղ է պետք է Արագածի փեշերի անասուններին ասենք՝ շատ կաթ տվեք: Ոչ, խոսքը դրա մասին չէ: Եթե լավ ծրագրեր իրականացնեն, գյուղատնտեսությունը կզարգանա: Հիմա ոչ մեկ չի հավատում Գյուղնախարարությանը: Դա մի կառույց է, որ եղած-չեղած մի հաշիվ է»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

Հեղափոխությունն ավելացրեց հարկը: Եթե սուպերմարկետները մուծում էին 2 տոկոս ԱԱՀ, հիմա` 20 տոկոս: Սուպերմարկետներում վերջին բացահայտումներից հետո սեփականատերերն այլևս չեն կարողանում գյուղմթերքի վաճառքն իրականացնել հարյուրավոր անհատ ձեռներեցների անվան տակ և խուսափել հարկից։ Սրա արդյունքում մսի գները կտրուկ բարձրացան՝ հասնելով մինչև 3000 դրամի սահմանները, վարչապետի հանձնարարականով, սակայն գները վերականգնվեցին: Խնդիրն այդուհանդերձ վերջանական լուծում չստացավ:

«Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մսի կիլոգրամը 2500 չի բարձրանա, բայց հիմա 3000-ից էլ բարձր է: Այստեղ գյուղացի-Գյուղնախարարություն կապը պետք է աշխատի: Պետությունը պետք է օժանդակի գյուղացուն: Թե չէ՝ կանգել ասել՝ այս գնով պետք է վաճառես, դա չի գործի: Գյուղնախարարն ասում է՝ կովը, եթե 7 լիտր կաթ է տալիս, մի պահի: Ախպեր ջան, բա իրա ընտանիքը դո՞ւ ես պահելու: Ասում է՝ մարդ ուղարկեք, գնա լեկցիա կարդա, թե ինչպես կովին պահի, որ կաթնարտադրությունն ավելանա: Սա անհեթեթություն է»,- նկատեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Մսի իրացումը Սեդրակյանը կապում է նաև գնողունակության հետ: Մարդիկ գումար չունեն, միս գնել չեն կարող:

«Եթե թոշակառուին տալիս ես 15.000-20.000 դրամ, նա այդ գումարով ինչպե՞ս միս գնի: Այդ գումարով պետք է յոլա գնա՝ կոմունալներ վճարի, դեղ գնի»,- ասաց նա:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը նշեց, որ գյուղացուն պետական աջակցություն ցույց տալու տարբեր մեթոդներ կան, մնում է իշխանությունը քաղաքական կամք դրևսորի:

«Իշխանություն ենք տվել, թող անեն: Սերժի ռեժիմին լավ ծառայած Շիրակի մարզպետը եկել է գյուղնախարար, նախկին փոխնախարարներն էլ մնացել են, թող լուծեն խնդիրը»,- շեշտեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս