loader
Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին:

«Ինչպես տեղյակ եք, Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը: Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշում ենք կայացրել՝ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և աշխատենք այն թեմայի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս: Պետք է տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարների հետ աշխատենք կենսաթոշակային համակարգն ավելի հուսալի դարձնել: Հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները պետք է փարատենք: Պետք է վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշումը, որը մենք ներկայացրեցինք և ԱԺ-ն էլ հաստատեց, դրա առանցքային նպատակը ժամանակ շահելն է, որպեսզի առանց ցայտնոտի շահագրգիռ քննարկում ունենանք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի:

Փաշինյանի տեղեկացմամբ՝ Թանդիլյանն առաջիկա երկու ամսվա ընթացքում կաշխատի հանրության, նախարարությունների և շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի նոր նախագիծ ներկայացնեն: Մանե Թանդիլյանն էլ ավելացրեց, որ պարտավորություն ունեն համակարգի հուսալիությունն ապահովելու:

«Այն մոտեցումները, որոնք ներկայացվելու են Ձեզ, խարսխված են լինելու հենց այդ սկզբունքների վրա: Պատրաստ եմ շատ կարճ ժամկետներում ներկայացնել այդ նախագիծը»,- նշեց Թանդիլյանն՝ ավելացնելով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նախարարության առաջնահերթ խնդիրներից միակը չէ, և նա կշարունակի պաշտոնավարել՝ դրանց լուծումներ տալով:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս