loader
Վարձակալության տրվող բնակարանների պահանջարկը նվազել է

Վարձակալության տրվող բնակարանների պահանջարկը նվազել է

Արդեն մոտ երկու ամիս է` անշարժ գույքի շուկայում աշխուժացումներ են նկատվում: Բնակարանների գները բարձրանում են: Եվ այսպես, ըստ վիճակագրության, եթե մարտին Երևանի կենտրոնում բազմաբնակարան շենքում մեկ քմ բնակարանի արժեքը 500 հազար 900 դրամ էր, ապրիլին թանկացել է՝ հասնելով 507 հազար 200 դրամի: Անշարժ գույքի կենտրոնների ղեկավարները Հայաստան 24-ի հետ զրույցում, սակայն հայտնեցին, որ շուկայում գնային էական փոփոխություններ չեն նկատվել:

«Տան տերերի մոտ միտում կա, որ ցանկանում են գները բարձրացնել: Եթե բարձրանա էլ, պահանջարկն առաջարկի հետ չի համապատասխանի: Այն գները, որոնք հիմա կան, նույնիսկ գնելու դեպքում մի փոքր սակարկման են ենթակա»,- ասաց «Էլատե» անշարժ գույքի գործակալության տնօրեն Նաիրա Հայրապետյանը:

Նա անշարժ գույքի շուկայում արձանագրված աշխուժացումը կապում է հեղափոխության հետ: Հենց այդ ժամանակ արհեստականորեն փորձում էին գները բարձրացնել, բայց իրականում, մասնագետի խոսքով, գների աճ չկա:

«Հեղափոխությունից հետո մարդկանց մոտ հույսեր են արթնացել: Ակնկալում են, որ երկրում իրավիճակը կլավանա: Եվ անկախ նրանից՝ առաջարկ կա, թե՝ ոչ, մարդիկ անշարժ գույքի գներն արդեն թանկացրել են: Հեղափոխություն եղել է, բայց քաղաքական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Եթե ոլորտը կարգավորվի, որոշակի փոփոխություններ կլինեն»,- նկատեց Նաիրա Հայրապետյանը:

Պատկերն այլ է վարձակալության ոլորտում: Անշարժ գույքի գործակալության ներկայացուցչի փոխանցմամբ՝ վարձակալության տրվող բնակարանների պահանջարկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 20 տոկոսով պակաս է:

«Բնակարանի պահանջարկը նվազել է: Զբոսաշրջիկները նախընտրում են վարձով հոթել կամ մոթել վերցնել»,- նշեց նա:

Նրանց կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին գների բարձրացում կլինի: Եթե հեղափոխությունից հետո սկզբնական շրջանում շուկայում արհեստական թանկացում կար, ապա այսօր արդեն թանկացումը բնական է:

«Գները միշտ տատանվում են, բայց փոփոխություն չեմ տեսնում: Շարժ, սակայն, կա: Ինչ-որ բաներ հիմա ավելի շատ է վաճառվում, քան մի երկու ամիս առաջ: Դա կապված է նաև սեզոնայնության հետ: Ամեն տարի այս սեզոնին մարդիկ սկսում են գալ, անշարժ գույքի շուկայում էլ աշխուժացում է նկատվում, դա նորմալ է»,- մատնանշեց մեկ այլ անշարժ գույքի գործակալության ղեկավար:

Ի դեպ, ըստ Կադաստրի պետական կոմիտեի, ընթացիկ տարվա ապրիլ ամսին գրանցված գործարքների քանակը մարտի համեմատ նվազել է 11,4 տոկոսով:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս