loader
Վարունգն արկղերով թափում ենք. Խորոնքի բնակիչ

Վարունգն արկղերով թափում ենք. Խորոնքի բնակիչ

Արմավիրի մարզի Խորոնք համայնքի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Աշնան ստացած բերքը չեն կարողանում իրացնել: Խորոնքի բնակիչները Հայաստան 24-ին ահազանգում են, որ վարունգը դաշտերում է մնացել՝ սպառում չկա: Գյուղացիները ջրի գնով են վարունգը վաճառում: Մեկ արկղ վարունգը, որը կշռում է 25 կիլոգրամ, 1000 դրամ են վաճառում: Ոմանց անգամ վարունգի կիլոգրամը 30 դրամով չի հաջողվում իրացնել:

«10 արկղ իմ ընկերը շուկայից բերեց, տարավ, շուռ տվեց: Իմ ընկերը՝ Սամվելը, վարունգը տարավ շուկա, 30-40 դրամով չվաճառեց, բերեց, գցեց տուն, տալիս է խոզերին»,- պատմեցին նրանք:

Հողագործները որոշ քանակություն հանձնել են Արմավիրում գտնվող «Լևոն» ՍՊԸ-ին, բայց մինչև հիմա գումարները չեն ստացել:

«30 դրամով «զավոդին» ենք հանձնել, փողը չեն էլ տվել: Խայտառակ վիճակ է: Իրացում չկա՝ ջերմոցային վարունգը 50 դրամ է: Այդ գինն իսկի սերմի փողը չի հանում»,- բողոքեցին հողագործները:

Բերքի իրացման խնդրի առջև կանգնած գյուղացին դժվարությամբ է նաև հարկերն ու տուրքերը վճարում: Խորոնքի համայնքապետարանում սեփական եկամուտների կատարողականն այս տարի շատ ցածր է: Հոկտեմբերի 1-ի դրությամբ դեռ 30 տոկոս կատարողական են ապահովել: Համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանը զարմացած է՝ 9 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ չի կարողանում հարկերը հավաքել:

«Ամեն տարի տարվա կեսին 100 տոկոս հավաքագրում եմ կատարում: 3 տարի առաջ մարզում միակն էինք, որ բարձր ցուցանիշ ապահովեցինք, բայց այսօր գյուղացու վրա վիճակ չկա: Մի մասն ասում է՝ Փաշինյանը հարկերը զրոյացրել է, չենք վճարում, մյուս մասն էլ բերքը չի կարողանում վաճառել»,- մանրամասնեց գյուղապետը:

Սարգիս Նահապետյանը զայրացած է ոչ թե նրա համար, որ չի կարողանում հարկերը հավաքել, այլ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ վերավաճառողն ավելի շատ է շահում, քան գյուղացին: Երկու օր առաջ մայրաքաղաք է գնացել և ապշել տեսածից: Երևանյան շուկայում նույն վարունգն արժե 250-300 դրամ:

«50 դրամով նույն վերավաճառողը գալիս, գյուղից վարունգը տանում է և իր ուզած գնով վաճառում: Առուծախ անողները, որ մի տարի գալիս են գյուղ, երկրորդ տարին արդեն մեքենա են առնում, հաջորդ տարի խանութ են դնում, իրենք միլիարդատեր են դառնում, բայց տարեցտարի գյուղացու վիճակն ավելի է վատանում»,- նկատեց նա:

Նահապետյանի խոսքով՝ պետք է պատկան մարմիններն այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկեն և դաշտի կարգավորման համար մեխանիզմներ մշակեն:

«Վառելիքը, թունաքիմիկատն ու բուժանյութը, ցանկացած ապրանքի գին բարձրացել է: Գյուղացին կարո՞ղ է 30 դրամով բերք վաճառելով իր գոյությունը պահպանի»,- հարց բարձրացրեց մեր զրուցակիցը:

Թունաքիմիկատների մասին խոսելիս Խորոնքի բնակիչները վրդովված են: Նրանք դժգոհում են, որ դրսից ներկրվող թունաքիմիկատներն անորակ են, ինչի արդյունքում հազարավոր գումարներ են վատնում, սակայն, հիվանդությունների դեմն առնել չեն կարողանում: Լոլիկի բերքն այս տարի կորցրել են ցեցի պատճառով:

«Ցեցի դեմն առնել չենք կարողանում, դրա համար լոլիկ չկար այս տարի: Մենակ կարողացել ենք ձմերուկից գումար աշխատել և վարկերի տոկոսների կեսը մարել»,- ասացին նրանք:

Հողագործները պահանջում են, որ պատկան մարմինները թունաքիմիկատների և բուժանյութերի շուկայում վերահսկողություն սահմանեն:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս