loader
Խաղողը պետք է ինքնարժեքով չխլվի ժողովրդի ձեռքից. Արտակ Սարգսյան

Խաղողը պետք է ինքնարժեքով չխլվի ժողովրդի ձեռքից. Արտակ Սարգսյան

Բնակլիմայական պայմաններն այս տարի նպաստավոր չէին խաղողի բարձր բերքատվության համար: Գարնան խոնավ եղանակը, որի ընթացքում մի քանի հիվանդություններ գլուխ բարձրացան, հետո կարկուտն ու քամին սպասվող բերքի ծավալները զգալի կրճատել են:

«Տեղ կա՝ բերքը 100 տոկոսով է կրճատվել, տեղ էլ կա՝ 60: Տարբեր վնասի չափեր են գրանցվել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Միության տվյալներով՝ բերքի ծավալներն այս տարի, նախորդի համեմատ, պակաս կլինեն: Նրա խոսքով՝ նախորդ տարի իշխանությունները խաղողի բերքի ցուցանիշի թվեր նկարեցին: Կարծում է, որ այս տարի նույնը չի կրկնվի:

«Մենք ասացինք, որ մինչև 58.000-60.000 տոննա է բերքը եղել: Գյուղանախարությունը տարվա վերջին կեղծ թվանկարչություն արեց՝ հայտարարելով, որ 2017 թվականին բերքը գերազանցել է 2016 թվականը: Խայտառակություն: Խաղողագործի ճակատագրի հաշվին կեղծ տնտեսական աճ ապահովեցին»,- նկատեց նա:

Խաղողի մթերմանը շատ կարճ ժամանակ է մնացել: Խաղողագործներից շատերը դեռ վերամշակող ընկերությունների հետ պայմանագիր չունեն կնքած: Գործարաններն այս հարցում դեռ չեն շտապում:

«Ասում են՝ օրը կգա, նոր կկնքենք: Շատ գործարաններ սպասում են, տեսնեն՝ ինչ գին է որոշվում, նոր պայմանագիր կնքեն: Չկա մրցակցային դաշտ: Եթե մրցակցային դաշտ լինի, օրենսդրություն լինի, ոլորտը կզարգանա: Գյուղացու հետ հաշվի կնստեն: Կհասկանան, որ եթե գյուղացին չլինի, իրենք միլիոններ չեն կարող աշխատել»,- ասաց նա:

Մասնագետի կանխատեսմամբ, եթե անհայտ ծագմամբ կեղծ կոնյակի կամ խաղողի սպիրտ չներմուծվի, գործարանները ստիպված կլինեն համագործակցել խաղողագործի հետ:

«Եթե խաղողագործ-վերամշակող ընկերության պայմանագիր ներդրվի և այն օրենսդրական ուժ ստանա, կտեսնենք՝ ինչ ներդրում կլինի խաղողագործության ոլորտում: Եթե գյուղացին տեսնի, որ իր քրտինքը գնահատվում է, իրացման խնդիր չկա, իր ուժերով այգի կներդնի և 3 տարի հետո էլ բերք կստանա՝ դրանով զարգացնելով տնտեսությունը: Խաղողագործության զարգացումը կախված է երկուստեք փոխշահավետ պայմանագրով: Պետք է ինքնարժեքով խաղողը չխլվի ժողովրդի ձեռքից»,- նման տեսակետ հայտնեց Արտակ Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս տարի, ինչպես նախորդ տարիների դեպքում, չպետք է գործարանը խաղողն ինքնարժեքով մթերի:

«Փոխշահավետ պայմանագրով աշխատելու դեպքում 60 տոկոսի ներդրում կլինի, այգիները կծաղկեն, աշխատատեղեր կստեղծվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս