loader
Ծովինար Բանուչյան. Սա Նոր Հայաստանն է

Ծովինար Բանուչյան. Սա Նոր Հայաստանն է

Լուսանկարը՝ Հետք-ի.

Դեռ հեղափոխության օրերին մի բան կար, որ բոլորին համախմբել էր` Սերժից Հայաստանը ազատագրելը: Նիկոլ Փաշինյանի թիմը մի ստրատեգիա որդեգրեց, որը բոլորս համոզվեցինք, հաջողություն ունեցավ, բացառիկ ու աննախադեպ ( քանի որ էս բառերը ընդունված կլիշեներ են): Ապակենտրոն շարժում, հայ ժողովրդի խառնվածքին ու բնավորությանը համապատասխան:

Յուրաքանչյուրին տրվեց քարտ բլանշ լինել իր բակի, իր փողոցի, իր տան, իր համալսարանի, իր աշխատավայրի առաջնորդը: Յուրաքանչյուրին տրվեց հնարավորություն լինել « հերոս» իր տարածքում ու աշխատեց: Հեղափոխությունը սկսվեց, բայց սերժից ազատվելը դեռ երաշխիք չէր սերժիզմից ազատվելու:

Ի՞նչ է սերժիզմը. կաշառված, պնակալեզ, տակից լիմոնադ ճարելու, սանիկ-քավոր հարաբերություններից օգուտ քերելու, ուրիշի հացը գողանալու, սպառնալով հարցեր լուծելու, արդարադատությունը մսխելու, հարստահարելու և այլն և այլն... տեսակը, որը դեռ կա և ժառանգվել է Հին Հայաստանից և որը միանգամից արմատախիլ անել հնարավոր չէ Նոր Հայաստանում:

Գործադիրը կարող ենք համարել ազատագրված, բայց օրենսդիրը դեռ սերժիզմի ձեռքում է, սերժիզմով է հիվանդ նաև դատական իշխանությունը, որի դեռևս կոռումպացված մնալը ձեռնտու է նրանց, ովքեր այդ կոռուպցիայի շարժիչ ուժն են:

ժողովրդի մի հատված (ուզեք, թե չուզեք, այդ հատվածը կա ու իրենից մեծ վտանգ է ներկայացնում այս շրջանում) իրականում իրեն չի տեսնում օրենքի դաշտում, քանի որ օրենքի դաշտում, հավասար իրավունքների պայմաններում հանկարծ պարզվում է, որ ինքը «տգետ » կամ իր տեսակով անհամապատասխան է նոր արժեքներին և գողացվածը վերադարձնել ոչ միայն չի կարող, այլև, եթե կյանքի կոչվի սահմանադրական կարգը վերջնականապես վերականգնելու երազանքը, ապա ինքը կմնա ձեռնունայն:

Ահա թե ինչու հիմա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է լինել նոր կառավարության «թիկնապահը»: Ոչ թե պահանջներ չունենալ կամ չքննադատել, այլ համագործակցել, վստահել, տալ ժամանակ, որպեսզի սերժիզմով տառապողները առիթից չօգտվեն ու հաղթանակը վարկաբեկելու փորձեր չանեն:

Սրա համար պետք է դադարեցնել Տարոնամոլ կանանց ծաղրելն ու հանրայնորեն անարգանքի սյունին գամելը, Սասնա ծռերի օր առաջ ազատվելու պահանջով փողոցներ փակող մեր հայրենակիցների, մեր ընկերների համար կազմակերպել քննարկումներ, բացատրել օրենքի տառին համապատասխան ինչ է պետք անել և որքան ժամանակում և թե ինչու է այս հարցը այսքան խրթին, թե որն է հեղաշրջման փորձի և հեղափոխության տարբերությունը:

2008-ին ձերբակալված որևէ քաղբանտարկյալ ոչ մի կերպ չէր առնչվում իրեն վերագրված քրեական հոդվածի հետ, բայց նրանցից որի գործը կարճվեց, որը սպասեց համաներմանը, իհարկե բոլորս հասկանում էինք, որ ներելու ոչինչ չկար, քանի որ հանցանք էլ չկար, բայց մենք ուզում էինք, որ մեր հայրերը օր առաջ գան տուն, որովհետև նրանք մեզ դրսում էին ավելի ուժեղ դարձնում, ոչ թե բանտերում:

Հիմա, յուրաքանչյուրիս պարտքն է լինել աչալուրջ և համոզել մեր ընկերներին սպասել, համբերել ու կուլ չգնալ սերժիզմի հետևորդներին և նրանց չտալ հնարավորություն այս խառնաշփոթից օգտվելու ու հեղափոխությունը վարկաբեկելու:

Ավելին` ստիպել նրանց հեղափոխվել ներսից, 
«պարտադրել» նրանց , որ սա Նոր Հայաստանն է:

Tsov Alizé 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս