loader
ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է. նախարար

ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է. նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երբ խոսում ենք գիտական ինստիտուտների արդյունավետության մասին, գիտնական իմ որոշ գործընկերներ նեղսրտում են, ինչը որոշ դեպքերում հասկանալի է։ Բայց արի ու տես, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կոլեկտիվը տնօրենի պաշտոնում առաջարկել է Աննա Ասատրյանի թեկնածությունը։ Հիմա հարց՝ արդյոք հարգարժան գիտնականները գիտակա՞ն են համարում «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» վերնագրված հոդվածը, որը գովերգում է Տարոն Մարգարյանի մշակութային գործունեությունը՝ արվեստի հաստատությունների տարածքներն ասֆալտապատելը և նստարաններ տեղադրելը, ու արդյոք նորմալ է այսքանից հետո սույն հոդվածի հեղինակին առաջարկել որպես տնօրենի թեկնածու։

ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է։ Ակադեմիան հստակ երկընտրանքի առաջ է՝ հաստատել Աննա Ասատրյանի թեկնածությունը և ցույց տալ, որ գիտական այդ կենտրոնում ոչինչ էլ չի փոխվել, գավառականությունը գիտության մեջ լուրջ արմատներ է գցել ու համակարգը փոխվելու միտում չունի, կամ մերժել ու հստակ ուղերձ հղել, որ երկխոսությունը և գործընկերային հարաբերությունները կարող են շարունակվել։

Որպես ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչության պատասխանատու պարտավոր եմ ահազանգել այս անընդունելի երևույթների մասին՝ ամենայն հարգանքով վերաբերվելով ինձ համար ամենահարազատ ակադեմիական ազատություններին։ Սա հստակ գիտական խնդիր է, որին առերեսվում ենք, ու պետք է լուծում գտնենք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս