loader
 Հարութ Ուլոյան․ Ոչ ոք  չի համարձակվի Տեր-Պետրոսյանին մեղադրել դեմագոգիայի կամ պոպուլիզմի մեջ

Հարութ Ուլոյան․ Ոչ ոք չի համարձակվի Տեր-Պետրոսյանին մեղադրել դեմագոգիայի կամ պոպուլիզմի մեջ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տասնամյա լռությունից հետո հրավիրած առաջին հանրահավաքում հայտարարում էր.

«Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը: Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի: Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով եւ պոպուլիզմով: Եվ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին: Թո՛ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ: Թո՛ղ ազդի իմ վարկանիշի վրա: Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ»:

- Երբ 2008թ-ի փետրվարյան օրերին «հասարակական» կարծիքը խոսում էր անհապաղ հեղափոխության մասին, Տեր-Պետրոսյանը հայտարարում էր` «Եթե սա հեղափոխություն է, ապա այն իրականացվելու է երգի ու պարի միջոցով»

- Երբ Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը ժողովրդին ցրվելու կոչ էր արել, դա ոչ միայն ոմանց կողմից «չէր ընկալվում», այլև, որպես «հասարակական» կարծիք, ներկայացվում էր, թե Տեր-Պետրոսյանը լրիվ այլ կոչ պիտի աներ, այն է` զինվել ու գնալ բախման: Թե դրա արդյունքուն ինչ կլիներ, դա ամենևին այդ մարդկանց չէր հետքրքրում, նույնիսկ պնդում էին, թե 10 չէ, թող 1000 զոհ լիներ... Արցախն էլ թող կորցնեինք, չէ՞ որ այնտեղից էլ «սնայպերներ» են բերել մեր դեմ...

- Երբ որոշ ժամանակ անց «հասարակական» կարծիքը կրկին պնդում էր, որ «հանրահավաքներով հարց չի լուծվի, մեզ վճռական քայլեր են պետք, մեզ հեղափոխություն է պետք», Տեր-Պետրոսյանը նույն այդ ժամանակ հակադարձում էր` «Վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը: Ավելի պատկերավոր ասած՝ վճռականը ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը»: Երբ, չնայած Տեր-Պետրոսյանի կողմից արտահայտված այս «անվճռական» հայտարարությունից հետո, «հասարակական» կարծիքը կրկին հեղափոխություն էր պահանջում Տեր-Պետրոսյանից, այս անգամ արդեն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` «Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) և ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը»:

- Երբ Սերժ Սարգսյանը մեկնարկել էր իր նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը», Տեր-Պետրոսյանն առաջին էր զգուշացրել ու կանխատեսել այդ գործընթացի տխրահռչակ ավարտը, ու, չնայած դրան, այդպես էլ տուրք չտվեց «համահայկական» «Ոչ»-ին և չցանկացավ խանգարել Հայաստանի համար այդքան նշանակություն ունեցող հարցի կարգավորմանը: Ու դա այն դեպքում, երբ «Ոչ» ասողները Ծիծեռնակաբերդում հանրահավաք էին կազմակերպել ու նույնիսկ հայտարարում էին, որ նման բազմամարդ հանրահավաք մեկ էլ 1988թ-ին էր եղել...

- Երբ 2013թ-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, «հասարակական» կարծիքը սկսեց «մայդան» պահանջել ընդդիմությունից: Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պետք է կենտրոնանալ օրինակարգ իշխանություն ձևավորելու, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի վրա, «հասարակական» կարծիքը Տեր-Պետրոսյանին հռչակեց որպես ռուսամետ, դրանով առաջ քաշելով մի պարզ հարցադրում` «հասարակական» կարծիքը «մայդան» պահանջում էր ընդդեմ ո՞ւմ` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռուսաստանի...

- Երբ Տեր-Պետրոսյանը համագործակցության կոչ արեց ԲՀԿ-ին, «հասարակական» կարծիքը կաթված ստացավ. «Ինպե՞ս կարելի է մոռանալ Մարտի 1-ը»: Իսկ այժմ արդեն այդ նույն «հասարակական» պահանջն է համագործակցում ԲՀԿ-ի հետ:

- Երբ Ապրիլյան պատերազմի օրերին ներքաղաքական «հասարակական» կարծիքը պահանջում էր համախմբում ընդդեմ Սերժ Սարգսյանի, այդ ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին: Այդ փաստից «հասարակական» կարծիքը երկրորդ կաթվածը ստացավ, ապա պնդեց, որ Տեր-Պետրոսյանը, հաշվի առնելով ժողովրդի տրամադրությունը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու փոխարեն շատ հանգիստ կարող էր հեղափոխություն իրականացնել: Հա, հետո ի՞նչ, որ դրա արդյունքում Արցախ կարող է և մնացած էլ չլիներ:

-Երբ «Սասնա Ծռեր»-ը գրավել էին ՊՊԾ գունդը, «հասարակական» կարծիքը պահանջում էր փողոց դուրս գալ ու աջակցել «Սասնա Ծռեր»-ին: Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սրեղծված իրավիճակում «Սասնա Ծռեր»-ից պահանջվում է ողջամիտ որոշում կայացնել, որ վերլուծությունները պետք է կատարվեն իրավիճակի հանգուցալուծումից հետո, «հասարակական» կարծիքը բորբոքվեց, ապա ինքնահռչակվելով որպես «ժողովրդի ծառա» հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը «գործարքի» մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ և «Սասնա Ծռեր»-ին հանձնվելու կոչ է անում: Շատ կարճ ժամանակ անց «հասարակական» կարծիքի մոտ սկսվեց անձի երկակիություն նկատվել: «Սասնա Ծռեր»-ը հանձնվեցին, կրքերը փոքր ինչ հանդարտվեցին, «հասարակական» կարծիքը վերլուծություն հրապարակեց, պնդելով թե իր անձի երկակիությունը պայմանավորված է նրանով, որ «Սասնա Ծռեր»-ը հրաժարվել են իրենց կողմից նախապես հայտարարված նպատակներից: Իսկ վերջին հաշվով ստացվեց այնպես, որ «հասարակական» կարծիքն առաջինը լքեց «Սասնա Ծռեր»-ին և վերլուծություններն ու պարզաբանումները ներկայացրեց միայնումիայն իրավիճակի հանգուցալուծումից հետո:

- Երբ Ապրիլյան պատերազմի հետևանքով ընգծվեց Արցախի հարցի լուծման հրատապությունը, Տեր-Պետրոսյանը, օգտվելով նախընտրական ժամանակաշրջանի ընձեռած հնարավորությունից, Արցախի հարցի լուծման վերաբերյալ քննարկումները դարձրեց օրակարգային: Այս դեպքում արդեն «հասարակական» կարծիքն ընդհանրապես կորցրեց ինքնատիրապետումը. «Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում փոխզիջումներից խոսել: Այո, մենք չենք ժխտում, որ որոշ տարածքներ ենք պատրաստվում զիջել Ադրբեջանին, բայց քանի որ Տեր-Պետրոսյանի ճիշտ լինելը մենք որևէ պարագայում ընդունել չենք կարող, ուրեմն նա զուտ հող հանձնող է, իսկ մենք` տարածք զիջող` Բաքվում թեյ խմելու ակնկալիքով»:

Այս տարիների ընթացքում ներկայիս իշխանությանը վտանգ սպառնացող մի քանի ֆորս-մաժորային իրավիճակներում Տեր-Պետրոսյանը երբեք տուրք չտվեց դեմագոգիային կամ պոպուլիզմին, երբեք չորդեգրեց այսպես կոչված «հասարակական» կարծիքը: Այո, շատերը կարող են չընդունել և չկիսել Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշվող մոտեցումներն ու պնդումները, շատերիս համար կարող են անհասականալի լինել կամ չընկալվել որոշ հարցերում Տեր-Պետրոսյանի ցուցաբերած վարքը, ոմանք կարող են նրան «թուրքամետ» համարել, ոմանք` «հող հանձնող», բայց ոչ ոք նրան չի համարձակվի մեղադրել դեմագոգիայի կամ պոպուլիզմի մեջ:

Այսօր առաջին նախահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր, մեծարգո նախագահ:

Հարութ Ուլոյան

Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը՝ այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս