loader
Մանրերը որքան էլ «իրենց վրա վերցնելով» պատրաստ լինեն գնալ-նստելու, երկար չեն դիմանալու, ու վերջն իմանալու ենք, թե ինչպես են սրանք բռնաբարել երկիրը. Լևոն Բարսեղյան

Մանրերը որքան էլ «իրենց վրա վերցնելով» պատրաստ լինեն գնալ-նստելու, երկար չեն դիմանալու, ու վերջն իմանալու ենք, թե ինչպես են սրանք բռնաբարել երկիրը. Լևոն Բարսեղյան

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Ոմանց թվում է, թե պոպկորնի դույլը գրկած, բլոկբաստեր նայելով արդարություն է տեղի ունենալու

Սիրելի հրավառ ու խանդավառ հայրենակիցներ, արդեն մի քանի շաբաթ է՝ կարդում եմ մտահոգություններ, թե մանր ձկներին են բռնում, խոշորը մնում է, էս տեսակ էլ զուլում կլինի: Մոտավորապես:

Ուզում եմ մի երկու կենաց էլ ես ասեմ:

20 և ավելի տարեկան կոռուպցիոն համակարգի պարագլուխները, կարծում եք հավ էին, հա՞, անձամբ կաշառք վերցնեին, անձամբ մարդ ծեծեին, անձամբ գնային ու բիզնես խլեին, անձամբ կեղծ հաշվեհամարներ տային, որպես այսինչ քաղաքի հիմնադրամի հաշվեհամար, ու անձամբ ասեին՝ ահա սրա վրա կփոխանցես փողը, հետո անձամբ ստանային ու ուտեին: Կարծում եք՝ Սերժիկն անձամբ է դատավորներին ու դատախազներին հրահանգել մարդկանց հակաճառելու համար դատել ու փակել դատարաններում, դա տեսագրել ու տեսագրությունը Նիկոլին է ուղարկե՞լ, որ հենց հեղափոխություն լինի, Նիկոլը դրանք տա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որպեսզի արդարադատությունը չուշանա երևի: Այո՞:

Իսկապես կարծում եք, որ այդպես քյալ լինելով կարող էին պետություն զավթել, փողերի հոսքերին տիրել, գործարարներին կզացնել, քրեականներին մարդկանց վրա քսի տալ ու աշխատեցնել իրենց օգտին: Սերժիկենց դաստին լրիվ ե՞ք չակուջի տեղ դրել: Ու հիմա, «ինչու խոշորներին չեն բռնում» դժգոհությամբ ուզում եք ասել, որ հաստատ բռնելու հավես չկա՞:

Չնկարագրեմ այն սխեմաները, որոնցով գործել է սերժաբարո համակարգը, դա հստակ մշակած, զարգացված, կարգավորած, յուղած ու փայլուն աշխատող մեքենա է եղել և համանման համակարգերում դա միշտ այդպես է: Շնաձկներին, էն հրեշի ասածի պես, «գլխից բռնելը» մի քանի ձևով կարելի է անել, կարծում եմ: Մեկը հենց գնալ, առևանգելն է, քացու տակ գցելն է, շանտաժելն է, փաստաբանին, ՄԻՊ-ին ու դիտորդական խմբերին ներս չթողնելն է, տեսակցությունները արգելելն է, արգելափակելն է, քթից բերելն է, այնքան մինչև էշին քեռի կասեն, կխոստովանեն, կմուծվեն և այլն: Մյուսը՝ անմեղության կանխավարկածի և աթանեսյանների նկատմամբ կանխակալ հարգանքն է, օրինական հետաքննություն ապահովելն ու արդարադատության ապահովելն է: Առաջինը ինձ համար մերժելի է, թեպետ, գիտեմ, որ շատերի համար շատ էլ հաճելի և ցանկալի է. եսը կշտացնելը արատավոր բնազդ է, երևի:

Բանն այն է, որ առաջին տարբերակը արագ արդյունքներ է տալիս, բայց ռիսկային է իշխանության զավթման ռեցիդիվի իմաստով: «Արդյունք» բառը պայմանական օգտագործեցի: Անօրինական գործողություններով արդարության սահմանումը հերթական սպառնալիքն է լինելու մեր նվաճումներին: Չի լինի, որ այսպես մտածողս ասեմ՝ լավ դե, էս անգամ էլ խախտեմ օրենսդրությունը ու էլ չեմ անի, հորս արև...:

Երկրորդը թանկ ու տևական եղանակ է, այդ ընթացքում հանցագործները շանս են ունենում ճողոպրելու, լավ պաշտպանություն կազմակերպելու, հրեշտակվելու և լուսապսակվելու: Բայց երկրորդի դեպքում հետևողականությունը կարող է քանդել ցանկացած դիմադրություն: Ի դեպ, օրինականը երբեք պարտադիր արդար չեմ համարել: Այս տեսանկյունից արդար քննության ապահովման համար, կամ արդարության ապահովման շահով առաջնորդվելիս շատ կարևոր եմ համարում օրենսդրության անհրաժեշտ և անհետաձգելի փոփոխությունները: Բայց սա ուրիշ խոսակցություն է:

Սա ամենևին կոչ չէ ոմանց, թե՝ «թողեք թող աշխատեեեեն...»: Ամենևին: Հակառակը.«Ստիպեք թող աշխատեն»: Նույնիսկ դժգոհությունը, թե «խոշորներին թողած, մանրերին են բռնում», իրավապահ համակարգին ստիպելու համատեքստում եմ ընկալում, թեկուզ ակամա կամ զգացմունքային որակով ասված: Եկա ասեմ, որ այդ ստիպելը պիտի որակ ունենա նաև: Առանց պայմանական «մանրերի» ցուցմունքներն ու վերևիններին դեմ ճշմարիտ վկայությունները արդյունք չեն տալու, կամ որակյալ արդյունք չեն տալու: Հազարավորներ, որոնք ռեժիմից տուժել են բազմիցս, ալարում են մի բողոք գրել իշխանության այս կամ ներկայացուցչին, կամ առավելևս՝ վկայել այս կամ հանցանքը, որով իրենց են վնասել ու այդպես «աջ քաշելով» շարունակում են տուժել ու տուժել:

Բազահազարներ, ակնկալելով շուտափույթ բարեփոխումներ, բավարարվում են ընկերական և կոֆեական միջավայրում նվնվալն ու ողբալը: Շատերին թվում է, թե ենթադրյալ ամենափայլուն իրավապահ համակարգը պիտի հրաշքով ապացույցներ արարի, դնի գործերի մեջ: Հիմա, որ վերհիշենք, որ իրավապահ համակարգը բոլորովին էլ մաքուր չէ, դրանում ահագին մարդ հներից է, ու հեչ հավես չունի պատշաճ քննություն իրականացնելու, հասկանալի կդառնա, որ առանց որակյալ հանրային ճնշման մնալու ենք մանրերով կշտանալու հույսին: Նիկոլի ճնշումը ուղղակի կարող է քիչ լինել:

Նաև պիտի հաշվի առնել, որ մանրերը որքան էլ «իրենց վրա վերցնելով» պատրաստ լինեն գնալ-նստելու, շեֆին վարի չտալու, չեն դիմանալու, կամ՝ երկար չեն դիմանալու ու ծակվելու են, մեղմ ասած, պատմելու են խայտառակ իրականության մասին բաներ, որ շատերի մտքով չէր էլ անցնում: Վերջը ամենայն մանարամասնությամբ իմանալու ենք, թե ինչպես են սրանք բռնաբարել երկիրը: Ասելիքս այն է, որ առանց տուժածների ակտիվ մասնակցության էլ սերժիզմի մետաստազները բացահայտվելու են, ուղղակի դրա համար ավելի շատ ժամանակ է ծախսվելու»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս